Նիկոլ Փաշինյանի ԳՇ պետից ադեկվատություն սպասելը հավասարազոր է հրաշքի

Ժողովրդական ասացվածք կա՝ Աստված էլ բեթարից ազատի․ տվյալ պահին խոսքը ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի մասին է։ Սույն մարդը գուցե նախորդ կյանքում, այսինքն՝ մինչև ԳՇ պետ դառնալն ունեցել է ադեկվատության նշույլներ, սակայն, Նիկոլ Փաշինյանի առաջարկով զբաղեցնելով այդ պաշտոնը, նպատակ է դրել իր ոչ ադեկվատ պահվածքով անցնել տիրոջից։ Հասկանալի է, որ պաշտոնը կորցնելու վախն այն աստիճան է պարուրել նրա ուղեղը, որ խուսափում է հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց, բայց նման դեպքերում ավելի լավ է լռել, քան անհեթեթություններ դուրս տալ։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հարցին, թե ինչպես են ադրբեջանցիներն առաջ եկել ՀՀ սուվերեն տարածք, թյուրիմացաբար ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած անձը հորդորում է, որ դուք ադրբեջանցիների հետ գնալու ու առաջ գալու հետ գործ չունեք։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներին չպետք է հուզի ադրբեջանցիների մուտքն ու ելքը մեր հայրենիք։

Սակայն ամենամեծ զավեշտը հաջորդ պատասխանն էր, երբ լրագրողը հարցրեց, ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել մտնել Հայաստան, Սիսիանից հասնել Կապան ու մարդ սպանել։ ԳՇ սույն պետը բառացիորեն ասաց հետևյալը․ դուք ինչպե՞ս եք հիմա գալիս իմ հետևից ու իմ ճանապարհը փակում։

Այլ խոսքով, նրա համար ՀՀ քաղաքացիներն ու ադրբեջանցիները չեն տարբերվում իրարից, ու փաստորեն կարող ենք արձանագրել, որ ըստ սույն ԳՇ պետի, այսուհետ ադրբեջանցիները Հայաստանում ունենալու են նույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիները։

Հայտնի խոսք կա, ինչպիսին տերն է, այնպես էլ իր ծառան։ Նիկոլ Փաշինյանի ԳՇ պետից այլ սպասելիքներ ունենալ հնարավոր չէր։