Անկարան թույլ չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախարարների կաբինետի նիստից հետո կայացած հեռուստաուղերձում։

«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարյացակամություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ։ Եթե Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», – մեջբերում է «Anadolu» գործակալությունը Թուրքիայի ղեկավարի խոսքերը։