Աննորմալ երևույթ է, երբ ոստիկանին իրավունք է վերապահվում մտնել ԱԺ դահլիճ ու պատգամավորին բռնի ուժով դուրս հանել իր աշխատավայրից
Իշխանության տարանջատման սկզբունքի համաձայն, երկրի խորհրդարանը համարվում է օրենսդրական ամենաբարձր մարմինը, օրենսդիր իշխանությունը, որը տարանջատված է գործադիրից։ Հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանի կշիռն էլ ավելի է բարձրանում, քանի որ տվյալ դեպքում պետության ղեկավարը ընտրվում է ոչ թե ուղիղ քաղաքացիների, այլ խորհրդարանի կողմից։
Այսինքն, պատգամավորներն օժտվում են առաջնային մանդատով, ի տարբերություն վարչապետի, որն իր պաշտոնը ստանում է խորհրդարանից ու հաշվետում է վերջինիս։ Բնականաբար ամբողջ գործադիրի ձևավորման մեջ իր ուղղակի ու անուղղակի մասնակցությունն ունի հենց խորհրդարանը, որպես պետության քաղաքական ամենաբարձր ամբիոն։
Շատերին թվում է, թե պատգամավորների աշխատանքը միայն օրենքներ ընդունելն է, բայց դա սխալ պատկերացում է, քանի որ Ազգային ժողովը նաև քաղաքական մարմին է, որտեղ ընթանում են քաղաքական տարբեր պրոցեսներ, որոնք կարող են արտահայտվել տարբեր դրսևորումներով, սկսած բոյկոտից, վերջացրած տարաբնույթ ակցիաներով։ Շատ դեպքերում կարող է նաև տեղի ունենալ ծեծկռտուք։
Բայց արի ու տես, որ ինչ-որ ոստիկաններ կարող են մտնել Ազգային ժողովի նիստերի դահլիճ, պատգամավորների թևերից ոլորած դուրս տանել։ Այլ խոսքով, ոստիկաններին իրավունք է վերապահված ընդհատել անհատի, կուսակցության, դաշինքի քաղաքական գործունեությունը, որն իրենից բարձր է ստատուսով, հանդիսանում է պետության իշխանությունը, օրենսդիր ու քաղաքական ամենաբարձր մարմինը։
Այս երևույթը ոչ միայն աննախադեպ է, այլև ժողովրդավարության սկզբունքների կոպիտ ոտնահարում, քաղաքական գործունեության ուղղակի խոչընդոտում, որի վրա աչք են փակում իրենց ժողովրդավարության հայր հռչակած արևմտյան երկրները, սակայն դա այլ թեմա է, քանի որ այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արևմուտքի կողմից հռչակված արժեքներն արժեք են այնքանով, որքանով կծառայեն իրենց շահերին, մնացած բոլոր դեպքերում այդ արժեքներն ընդամենը դատարկ խոսքեր են։
Իրական խնդիրը հանրության անտարբերության մեջ է, որն իշխանությունները մանիպուլացնում են ու ներկայացնում որպես սեփական թիմին վստահության գրավական։ Իրականում հանրությունը պետք է արթնանա թմբիրից ու քաջ գիտակցի, որ ժողովրդավարության շղարշի տակ իշխանության եկած պատահական մարդկանց այս զանգվածը, մոտ ապագայում վերածվելու է ամենազազրելի բռնապետների խմբակի ու եթե այսօր ոստիկաններին որպես մահակ օգտագործում են իրենց գործընկերների դեմ, վաղն այդ նույն մահակն իջեցնելու են փողոցում քայլող յուրաքանչյուր մարդու գլխին։