Սուրեն Պապիկյանը ՀՀ պետական սահմանը շփոթում է «Տեցի կրուգի» հետ
Տեղ գյուղում ճշգրտումներ անելիս տեղի է ունեցել հրմշտոց, բախում, ինչը հանգեցրել է անցանկալի հետևանքների։ Այս խոսքերի հեղինակը ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է։
Ժամանակին նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ թշնամին կմտնի ՀՀ ինքնիշխան տարածք, ինչ-որ ճշրգտումներ կանի, որը կհանգեցնի հրմշտոցի, բախման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի զոհերի։
Նման ճշգրտումներ, հրմշտոցներ, բախումներ ու զոհեր լինում են «Տեցի կրուգում», «Հրազդանի» կիրճում կամ որևէ գերեզմանոցում, սակայն ոչ երբեք պետական սահմանում, հատկապես, երբ սահմանակցիդ հետ գտնվում ես պատերազմի մեջ։
Հրմշտել կարող են քաղաքացիական անձինք փողոցում միմյանց ոտքը տրորելիս, հրմշտել կարող են բակում իրար սխալ հասկանալիս, վերջապես հրմշտել կարող են նույն Պապիկյանի թիկնապահներն ԱԺ-ում իրենց շեֆի համար ճանապարհ բացելիս։
Պետական սահմանին լինում է բանակների բախում, ընդհարում, փոխհրաձգություն, դիրքային մարտ, ինչ անուն ասես կարելի է տալ, բայց ոչ երբեք հրմշտոց։ Երբ պատերազմի մեջ գտնվող պետության ՊՆ ղեկավարը թշնամու բանակի մասին նման արտահայտություն է թույլ տալիս, նա լավագույն դեպքում անմեղսունակ է։
Բացի այդ, երբ սահմանային բախումը բնութագրում ես սոսկ հրմշտոց, դրանով Ադրբեջանի համար կանաչ ճանապարհ ես բացում հետագա բազմաթիվ հրմշտոցների համար, որովհետև հրմշտոցի համար մեղավոր ես դարձնում նաև սեփական պետությանդ, միջադեպի համար Ադրբեջանի հետ հավասար պատասխատավություն ես ստանձնում։ Իսկ սա արդեն ոչ թե անմեղսունակություն է, այլ դավաճանություն։
Եվս մի հանգամանք, նման ձևակերպումից հետո դժվար է ակնկալել, որ միջազգային հանրությունը թեկուզ փոքր ինչ մտահոգություն կհայտնի ինչ-ոչ հրմշտոցի համար, քանի որ մինչ կգրվեր այս տողերը, աշխարհում տեղի ունեցան միլիոնավոր հրմշտոցներ։