Կա՛մ պետք է հրաժարական տա Ալեն Սիմոնյանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Այսօր վերջինս հերքեց այդ տեղեկությունը՝ ուղղակիորեն մեղադրելով տեղեկություններ տարածողներին։
Ըստ էության ստեղծվել է ոչ ստանդարտ իրավիճակ։ Տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կանչի Ալեն Սիմոնյանին ու պահանջի, որպեսզի վերջինս բացատրություններ տա, թե որո՞ք են իր ինֆորմացիոն աղբյուրները, որոնց վրա հղվում է ԱԺ նախագահը։
Տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը պետք է տա այն մարդկանց անունները, որոնք իր համար հանդիսանում են վստահելի աղբյուրներ, որոնց ասածների հիման վրա անում է վերջնական հայտարարություններ։ Կամ էլ պետք է լռի, ինչը կնշանակի, որ նա պարզապես ստում է ու օգտագործելով վարչապետի որդու անունը՝ փորձում է քաղաքական էժանագին դիվիդենտներ շահել։
Առաջին դեպքում ստացվում է, որ ԱԺ նախագահը չի տիրապետում իրավիճակին ու հանրության մեջ տարածում է ապատեղեկատվություն, զբաղվում է բամբասանքով, երկրորդ դեպքում վերածվում է բանսարկուի։ Երկու դեպքում էլ նա պետք է կրի քաղաքական պատասխանատվություն և հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից։
Հնարավոր է նաև այլ վարկած, որ ստում է Աշոտ Փաշինյանը, որ նրա վրա իրոք եղել է հարձակում, և Ալեն Սիմոնյանը ճիշտ է իր հայտարարություններում։ Այդ դեպքում էլ իր ընտանիքի անդամների արարքների համար պետք է բարոյական պատասխանատվություն ստանձնի Նիկոլ Փաշինյանը ու հրաժարականի դիմում ներկայացի հենց ինքը, քանի որ հանրությունը չի կարող վստահել երկրի այնպիսի ղեկավարի, ում ընտանիքի անդամները զբաղված են ստախոսությամբ։