Իրանը չի լռի, եթե Բաքուն որևէ քայլ ձեռնարկի Սյունիքի մարզում

«Եթե Բաքուն փորձի որևէ քայլ ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզում, դա միանշանակ կվնասի Իրանին և Թեհրանը չի լռի»: Նման կարծիք է հայտնել միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Խորսանդը, փոխանցում է parstoday-ը:

«Հարավային Կովկասի զարգացումները պետք է քննարկել ավելի լայն ձևաչափով, քան միան Հայաստանն ու Ադրբեջանը: Քանի որ տարածաշրջանային  դերակատարներ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և արտատարածաշրջանային դերակատարներ Եվրամիությունը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Սիոնիստական ռեժիմը  և ավելի փոքր չափով Միացյալ Նահանգները, ներգրավված են այս պատմության մեջ: Նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր դերը»,-կարծում է փորձագետը: 

Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է Նախիջևանի ու Հայաստանի հարավի միջոցով ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, որպեսզի շրջանցի աշխարհաքաղաքական առումով Իրանի առավելությունը:

«Իսրայելը՝ որպես դերակատար, որը կարող է իրականացնել Իրանի հարևանությամբ գտնվող տարածքներն ապակայունացնելու գաղափարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը համարում է Իրանի վրա փոխադարձ ճնշում գործադրելու հիանալի հնարավորություն, որպեսզի կարողանա արձագանքել Իրանի գլխավորած Դիմադրության շարժման ճնշմանը»: