Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հասցրել է մեկ հարված, ինչի արդյունքում վտանգը չեզոքացվել է

Մհեր Սահակյանն իր պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով պարզաբանում է տարածել միջադեպի առնչությամբ։

«Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև ՔՊ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։

Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։

Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։

Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- նշել է փաստաբանը։