ՔՊ-ականի եղբայրը 1 միլիոն 7 հարյուր հազարի շահույթ է ստացել «հայրենասիրությունից». Mediahub
«Եվ չկա մեկը, որ գնահատի իմ տիտանական աշխատանքը». «Ոսկե հորթը» ֆիլմում հուսահատորեն բացականչում էր Ադամ Կոզլևիչը, իր կիսափլված մեքենան՝ Լորեն Դիտրիխը վերանորոգելիս։
Ահա մոտավորապես այս օրն է ընկել ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը հուսահատորեն փորձում է բոլորին համոզել, որ իր եղբայրը հանուն համայնքի է իր 3 հարյուր հազար արժողությամբ Opel-ը պետությանը՝ մասնավորապես «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, 2 միլիոն դրամով վարձակալությամբ հանձնել։
Որքան էլ նա պնդում է որ իր եղբայրը բացառապես առաջնորդվել է համայնքի ու դպրոցի շահերով, միևնույնն է, ոչ ոք չի գնահատում այդ «տիտանական հայրենասիրությունը»։
Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, ապա ՔՊ-ականը կարծում է, որ շուկայում նման արժեք չկա, ու ոչ ոք իր մեքենան օրը 5 հազար դրամով վարձակալությամբ չի հանձնի։ Կարելի էր հավատալ այդ պնդումներին, եթե չլիներ մի փոքր հանգամանք։ ՔՊ-ական պատգամավորն ամենայն հավանականությամբ մոռացել է, որ իր եղբոր մեքենայի արժեքը, ըստ հրապարակումների, 3 հարյուր հազար դրամ է, այսինքն այդ մեքենան ընդհուպ նմանվել է Ադամ Կոզլևիչի կիսափլված Լորեն Դիտրիխին, ու եթե նույնիսկ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ մեկ տարվա շահագործումից հետո նրանից այլևս ոչինչ չի մնա, միևնույնն է, ՔՊ-ականի եղբայրը զուտ «հայրենասիրական» նկրտումներից ելնելով կնքել է աննախադեպ շահեկան գործարք։ Իր 3 հարյուր հազարանոց մեքենան պետության վրա վաճառել է 2 միլիոն դրամով, այսինքն այդ «հայրենասիրական» գործարքը ՔՊ-ականի եղբորը բերել է 1 միլիոն 7 հարյուր հազարի եկամուտ։
Դե իհարկե, ամեն ինչ օրինաչափ է, էլ ինչ «հայրենասիրություն» առանց շահույթի։