Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ին դրեց ծիծաղելի ու անհեթեթ վիճակում. Mediahub
ԵԽԽՎ զեկույցը իրականում որոշակի հարցեր է առաջացնում։ Իհարկե նմանատիպ զեկույցները որևէ իրավական հետևանք չեն ունենում, դրանք ավելի շատ քաղաքական գնահատական են, բայց այնուամենայնիվ ստեղծվում է տպավորություն, որ դրանում հնչեցրած գնահատականները չեն համապատասխանում եզրահանգմանը։
ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարականան ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքների բաժանման, իշխանության կողմից քաղաքական ընդդիմախոսներին հետապնդումների ենթարկելու վերաբերյալ։ Ավելին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցածը համարել է սխալ, շեշտելով, որ ոչ թե պետք էր անվավեր համարել որոշ տեղամասերի քվեարկության արդյունքները, այլ պետք էր կազմակերպել վերաքվեարկություն։
Ստեղծվում է տպավորություն, որ ԵԽԽՎ-ն կիսում է թե՛ ՀՀ իշխանության տեսակետը, որ ընդդիմությանը հաջողվել է խորհրդարան մտնել ընտրակաշառքների միջոցով, թե՛ ընդդիմության գնահատականը, որ իշխանությունները դիմել են ընտրակեղծիքների ու բռնաճնշումների։ Հետևաբար նման արձանագրումների պարագայում ավելի տրամաբանական կլիներ ակնկալելը, որ ըստ ԵԽԽՎ եզրահանգման՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները իրականում չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների քաղաքական հայացքներն ու ցանկությունները։
Սակայն փոքր ինչ տարակուսելի է, որ այդ ամենով հանդերձ, ԵԽԽՎ-ն գտնում է, որ Հայաստանում անցկացվել են ազատ ու թափանցիկ ընտրություններ, որևէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ամեն ինչ կազմակերպվել է բարձր մակարդակով, ուստի այս ընտրություններով հայ ժողովուրդը ևս մեկ քայլով մոտեցել է Եվրոպային։
Հետևաբար ի՞նչ է ստացվում. Արևմտյան քաղաքական արժեհամակարգի հիմքը վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրակաշա՞ռքն են, քաղաքական հետապնդումներն ու կոնկրետ քաղաքական ուժերի քվեներն անվավեր ճանաչելու կամայական մոտեցո՞ւմը։
Իհարկե ոչ, խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անհարմար դրության մեջ է դրել նաև ԵԽԽՎ-ին։ Մի կողմից Արևմուտքը աչք է փակում ու քարտ բլանշ տալիս Նիկոլ Փաշինյանին դիմելու ցանկացած գործողության, միայն թե դուրս չգա քաղաքական այն ուղեգծից, որը դրված է նրա սեղանին, մյուս կողմից՝ Փաշինյանի անօրինական քայլերի մասշտաբներն այն աստիճանի են, որ պարզապես անհնար է ընդհանրապես դրանք շրջանցել։
Ըստ այդ, ԵԽԽՎ-ն ստիպված ինքն իրեն դրել է անհեթեթ վիճակում, մի կողմից անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած օրենքների խախտման ողջ փաթեթին, մյուս կողմից՝ դրանք որակելով ևս մեկ քայլ դեպի ժողովրդավարություն ու Եվրոպա։