«Տիգրանաշեն». գտնվում է բարվոք վիճակում, փոխանակում առաջարկեք. Mediahub

Սոցիալական ցանցերում կան խմբեր, որտեղ վաճառվում կամ փոխանակվում են ավտոմեքենաներ։ Այդ խմբերում հաճախ կարելի է տեսնել որևէ մեքենայի նկար, որի տակ գրված է. «Փոխանակում առաջարկեք»։ Ահա հենց նման տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը մոտենում Տիգրանաշենին (իր համար՝ Քյարքիին)։ Դեռևս օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անկլավներին ու էքսկլավներին, խոսում էր Արծվաշենի վերադարձից ակնարկելով Տիգրանաշենի հանձնման մասին։ Ըստ նրա՝ այդ հարցը պետք է լուծվեր սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների արդյունքում։ Ընթացքում նա ավելի առարկայացրեց իր մոտեցումները, այս անգամ արդեն Տիգրանաշենն անվանելով Քյարքի ու հստակ հայտարարելով, որ այն չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ։ Իհարկե, իր սովորության համաձայն, նա կրկին հղում էր անում Ալմա Աթիի հռչակագրին, որն իրավական ուժ ունի միայն իր ու Ալիևի համար։

Իսկ այսօր արդեն Փաշինյանը խոսում է ոչ թե Արծվաշենից, այլ Ջերմուկի տարածքներից։ Նրա տրամաբանությամբ՝ եթե ինքը չասի Քյարքի, ապա չենք կարող ակնկալել, որ ադրբեջանցիները դուրս կգան Ջերմուկի տարածքներից, մինչդեռ այդ տարածքները ոչ թե անկլավներ են կամ էքսկլավներ, այլ ՀՀ ինքնիշխան տարածքներն են, որոնք օկուպացված են ադրբեջանցիների կողմից։ Ստացվում է, որ մենք պետք է Արարատի մարզից հանձնենք Տիգրանաշենը, որպեսզի ադրբեջանցիները դուրս գան Վայոց Ձորից։ Սա ավելի մեղմ, քան պետական խայտառակությունը, դժվար է անվանել։

Մնացածը, թե իբր ինքը միայն ասել է Քյարքի, մանկական բառախաղ է։ Եթե նա չի ասում Տիգրանաշեն ու շեշտում է, որ այն չի եղել Հայաստանի Հանրապետության տարածքում, նշանակում է, որ Տիգրանաշենին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Կիրանցին, գուցե շատ ավելի վատ, որովհետև Կիրանցից էլի ինչ-որ բան մնացել է, ներառյալ փաշինյանական պատը, իսկ Տիգրանաշենից ոչինչ չի մնալու։ Բացի այդ, պարտադիր չէ՝ ամեն ինչ ասել մինչև վերջ, նախադասության առաջին կեսն էլ բավարար է, որպեսզի մարդիկ հասկանան շարունակությունը։

Ալիևն էլ չի հայտարարում, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունի, պարզապես մեր տարածքների գրեթե մեծ մասը համարում է «պատմական Ադրբեջան»։ Ալիևն էլ չի հայտարարում, որ Սյունիքի մարզը ՀՀ ինքնիշխան տարածքում չէ, պարզապես համարում է «արևմտյան Ադրբեջան», Սևանը, նույնպես ուղիղ խոսքով, չի պահանջել Ալիևը, բայց այն անվանում է «Գյոյչա», երբեք Ալիևը չի ասել՝ վերադարձրեք Վարդենիսը, պարզապես իր խոսույթում հայկական քաղաքը անվանում է «Բասարգեչար», վերջապես Ալիևը երբեք չի հերքել, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է, պարզապես անվանում է «Իրևան», որը նրա ընկալմամբ՝ ադրբեջանական քաղաք է։

Ահա հենց նման տրամաբանությամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս տառացիորեն չի հայտարարել, որ պետք է հանձնենք Տիգրանաշենը, այլ սկսել է հեռվից, որ «Քյարքին» չի մտնում Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքում։

Կարեն Կարապետյան