Ի՞նչ տարբերություն այսօրվա ու նախորդ խորհրդարանների միջև. ինչո՞ւ է նախկինում ագրեսիվ ՔՊ-ն վերածվել բարեսրտության ջատագովի. Mediahub

Այսօր դեռևս ԱԺ նիստերը մարդիկ նայում են, քանի որ կար ձևավորված որոշակի ակնկալիք, սակայն ևս երկու օր, ու այդ նիստերն այլևս որևէ մեկին չեն հետաքրքրելու։ Պատճառը մեկն է այս խորհրդարանում բացակայում է օրակարգը հենց մեկնարկից։ 

Եթե նախորդում ընդդիմությունը խորհրդարան մտավ գեներացնելով ազգային հստակ օրակարգ, առաջադրելով հստակ պահանջ, ունենալով հստակ դիմագիծ, շարքերում ընդգրկելով մեծամասամբ քաղաքական փորձառություն ունեցող մարդկանց, ապա այսօր արդեն չի նշմարվում և ոչ մի հստակություն: Առաջնային պահանջը, այն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, կարծես դուրս է մղվել խոսույթից։ Առաջին պլան է եկել այն մոտեցումը, որ մենք զբաղվելու ենք ժողովրդին հետաքրքրող հարցերով։ Իհարկե, լավ բան է ու պետք է բարձրաձայնել ժողովրդին հուզող հարցերը, սակայն դրանք կարող են բազմավեկտոր լինել։ Մեկին կարող է հուզել Հայաստանի Հանրապետության անվտանգության հեռանկարը, մյուսին՝ իրենց փողոցի կոյուղաջրերի խողովակները։ 

Ընդդիմությունը միանշանակ պետք է խոսի հանրությանը հուզող բոլոր հարցերից, սակայն միաժամանակ պետք է մնա իր առաջնային օրակարգի շրջանակներում։

Նախորդ գումարման Ազգային ժողովում նաև ավելի մարտական էր տրամադրված իշխող ուժը, քանի որ սկզբնական շրջանում վտանգ էր տեսնում ընդդիմության կողմից։ Իսկ այսօր նույն իշխող ուժը գտնվում է էյֆորիկ հանգստության մեջ։ Պատճառը կրկին օրակարգ լինել կամ չլինելու մեջ է։ Նախկինում ընդդիմությունը մուտք գործեց օրակարգով, ինչն էլ անհանգստացրեց իշխանությանը, այսօր առանց դիմագծի, որը իշխանությանը հաղորդում է հարմարավետության ու անվտանգության զգացում։

Նախորդ գումարման ժամանակ իշխանությունն ուներ մտավախություն, որ սկզբնական շրջանում հնարավոր է բաց թողնի օրակարգ թելադրելու հնարավորությունը, ու դրանով էր պայմանավորված նաև այն ագրեսիվ վարքագիծը, որը որդեգրել էին ընդդիմության նկատմամբ։ Իսկ այսօր դրության տերն ամբողջովին իշխանությունն է, ու հետևաբար զարմանալ պետք չէ, երբ տեսնում ենք, որ նախկինում ձեռքերի ու ոտքերի օգնությանը դիմած ՔՊ-ական պատգամավորներն այսօր խոսում են քաղաքակիրթ մթնոլորտում աշխատելուց։

Անվիճելի է, որ պետք է պայքարը ընթանա քաղաքակիրթ մթնոլորտում, վիրավորանքներին ու հայհոյանքներին փոխարինելու պետք է գա քաղաքական խոսույթը, ծեծուջարդը պետք է մնա անցյալում, ու ցանկալի է ականատես լինենք գաղափարական բանավեճերի։ Սակայն այս ամենի արդյունքում չպետք է անտեսվի քաղաքացու քվեն, չպետք է այն մանիպուլացվի ըստ քաղաքական նպատակահարմարության։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էին հստակ մոտեցումներով, ու մարդիկ նրանց քվե են տվել հենց այդ ծրագրերի համար, սակայն ինչպես տեսնում ենք, ՔՊ-ն դեռևս չի շեղվել իր խոստումներից ի տարբերություն 2021 թվականի (այլ բան է, որ այդ խոստումները չեն բխում ՀՀ շահերից), իսկ ընդդիմությունը արդեն 2 օր է, ինչ Ազգային ժողովում խոսում է ամեն ինչից, բացի նրանից, ինչի համար եկել են խորհրդարան։

Իհարկե, որևէ մեկը չէր ակնկալում, որ մտնելով Ազգային ժողով, նրանք հենց երկրորդ օրը հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին, սակայն ցավալիորեն ուրվագծվում է այն հեռանկարը, որ խորհրդարանական այս ընդդիմության համար այդ պահանջը աստիճանաբար դադարելու է ակտուալ լինել այնպես, ինչպես պարզվեց, որ այլևս ակտուալ չեն Արցախի դրոշները։ Դե հո աթոռակռիվ չե՞ն անելու։

Կարեն Կարապետյան