Արայիկ Հարությունյանը հատուցեց Նիկոլ Փաշինյանի մեղքերի համար, քանի որ վերջինս զուրկ է քաղաքական պատասխանատվությունից. Mediahub
Թեպետ թե՛ նախարարը, թե՛ պատգամավորը ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան վարչապետի աշխատակազմի ղեկավարը, սակայն քաղաքական առումով վերջինս ունի շատ ավելի առանցքային նշանակություն, հատկապես Արայիկ Հարությունյանի պարագայում, որը նույն առանցքային նշանակությունն ուներ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ու շատերը նրան համարում էին իշխանության ներսում «գորշ կարդինալ»։ Հետևաբար, երբ նա իր գործունեությունն այսուհետ շարունակելու է խորհրդարանում, դա նշանակում է, որ նա զրկվում է իր երբեմնի լծակներից ու որոշ չափով հավանաբար նաև ազդեցությունից։
Չնայած որևէ պաշտոնական մեկնաբանություն չհնչեց, թե ինչով է պայմանավորված նրա տեղափոխումը Ազգային ժողով, սակայն ինչպես ասում են՝ չի լինում ծուխ առանց կրակի։ Եթե նույնիսկ լինեն պարզաբանումներ այդ հարցում, միևնույնն է, պաշտոնական տեսակետին հավատ ընծայել չի կարելի, քանի որ այն չի արտացոլելու իրականությունը։
Սովորաբար առանցքային պաշտոններից ոչ ոք ինքնակամ չի հեռանում, ու երբ տեղի է ունենում նման փոփոխություն, ապա տվյալ պաշտոնյան կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ թերանում է իր աշխատանքում, կա՛մ էլ դառնում է «քավության նոխազ»։ Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանի պարագայում երրորդն է, ու նա հատուցում է մի բանի համար, որում ինքը որևէ մեղք չունի։
Խորհրդարանական ընտրություններում թե՛ Նիկոլ Փաշինյանը ու թե՛ ՔՊ-ն հայտարարում էին, որ ունենալու են սահմանադրական մեծամասնություն, վստահ էին, որ ստանալու են քվեների 60 տոկոսից ավելին։ Ընդհանրապես այս ընտրություններում ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը չհասան այն արդյունքին, որը խոստանում էին։ Ընդդիմությունը հայտարարում էր, որ հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն այլևս չի լինելու վարչապետ, իշխանությունն էլ տոնելու էր իր բացարձակ հաղթանակը սահմանադրական մեծամասնության տեսքով, ըստ այդմ, երկուսին էլ պետք էր մեղավորներ հռչակել չիրականացված խոստումների համար։
Բնականաբար ընդդիմության պարագայում շատ ավելի հեշտ է արդարանալը, քանի որ եթե այլ բան չլինի, ընտրախախտումներն ու վարչական ռեսուրսի կիրառումը կա ու կա։ Այլ բան է իշխանության գործը։ Նրանք կա՛մ պետք է ազնվորեն ընդունեն, որ այլևս չեն վայելում հանրային այն աջակցությունը, որն ունեին հատկապես 2018 թվականին, կա՛մ փնտրեն մեղավորներին ու «պատժեն»։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ իշխանությունն ու ընդդիմությունը «միասնաբար» ապալեգիտիմացրեցին խորհրդարանը։ Ընդդիմությունը, ինչպես արդեն ասացի, շեշտեց, որ ընտրություններն ընթացել են կեղծիքներով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունը Ազգային ժողով է անցել ընտրակաշառքների շնորհիվ։ Այսինքն, մենք չունենք օրինական խորհրդարան, թեպետ այս պարագայում իշխանությունը, որը, հիմնվելով իր իսկ ասածի վրա, պետք է ընտրությունների արդյունքները համարեր անվավեր ու հայտարարեր արտահերթ ընտրություններ, իսկ ընդդիմությունն էլ պետք է հրաժարվեր մանդատներից ու մուտք չգործեր ոչ լեգիտիմ խորհրդարան։ Բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնամ ավելի մանրամասն, իսկ այժմ նորից վերադառնանք այն հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞րն է Արայիկ Հարությունյանի մեղքը։
Միայն ընդդիմությանը «մեղավոր» հռչակելը բավարար չէր, պետք էր նաև մարդ, որը «մեղավոր» կլիներ այն բանի համար, որ չի կարողացել կանխել ընդդիմության կողմից բաժանվող «ընտրակաշառքները»։ Այս դեպքում քավության նոխազի լավագույն «թեկնածուն» պետք է լիներ իշխող ուժի շտաբի պետը, որը նորից Արայիկ Հարությունյանն էր։ Ով էլ ուզում էր լիներ Արայիկ Հարությունյանի փոխարեն, չէր կարող այլ արդյունքներ ապահովել, քանի որ հնարավոր չէ բարձրացնել այն վարկանիշը, որն այլևս չկա, հետևաբար սպասվածից ցածր արդյունքներ գրանցելու մեղավորը ոչ թե ՔՊ շտաբի պետն էր, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, ու այդ մասին շատ լավ գիտեն բոլորը, այդ թվում վերջինս։ Սակայն նման բան խոստովանելու համար պետք է ունենալ քաղաքական պատասխանատվություն, որից Նիկոլ Փաշինյանը զուրկ է, մանավանդ, որ «դրսում» մեղավորներ հռչակելուց հետո, «մեղավորներ» պետք էր նշանակել նաև ներսում։ Ըստ այդմ՝ Արայիկ Հարությունյանն այսօր հատուցում է հենց Նիկոլ Փաշինյանի մեղքերի համար, ու եթե չլիներ ՔՊ նախընտրական շտաբի պետը, ամենայն հավանականությամբ, կշարունակեր պաշտոնավարել նաև այսօր։
Կարեն Կարապետյան