Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался». Mediahub
Դեռևս 2016 թվականին փոփոխված Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում էր, որ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Իսկ 2017 թվականին ընդունվեց օրենք, համաձայն որի, բոլոր այն պատգամավորները, որոնք դպրոցում չեն անցել հայոց լեզու ու գրականություն, պետք է հայերենի թեստ հանձնեն։ Իհարկե, այդ օրենքը, որը գործում է առ այսօր, այդպես էլ գործնականում որևէ նշանակություն չունեցավ։ Դեռևս չի եղել դեպք, որ մարդը զրկվի մանդատից միայն այն պատճառով, որ չգիտի հայերեն, քանի որ ԱԺ բոլոր պատգամավորները հայերեն գիտեն, բայց արդյո՞ք միայն հայերեն բառեր արտաբերելը հայերենի իմացության ցուցիչ է։
Ու ինչո՞ւ է սույն թեստը վերաբերում միայն պատգամավորներին։ Կարծում եմ՝ Կառավարության անդամներն ու կուսակցության ղեկավարները (անկախ նրանից իշխանամետ են, թե՝ ընդդիմադիր) նույնպես պետք է հայերենի իմացության թեստ հանձնեն, որովհետև, նախ, էլի եմ շեշտում, միայն բառեր արտաբերելը դեռևս չի ապացուցում, որ մարդը տիրապետում է հայերենին, երկրորդը՝ հանրային լայն ճանաչում ունեցող մարդկանց սխալները երբեմն դառնում են օրինաչափություն ու սկսում լայնորեն օգտագործվել՝ դրանով «քանդելով» հայերենը։
Օրինակ՝ ժամանակին կար մի կուսակցապետ, որի անունը չեմ նշում, քանի որ նա վաղուց դուրս է եկել քաղաքականությունից, ու այն աստիճանի լռություն է պահպանում, որ ոչ ոքի հայտնի չէ, թե երբեմնի ամենաակտիվ քաղաքական գործիչներից մեկն ինչ կարծիք ունի այսօր վարվող արտաքին քաղաքականության մասին։ Դատապարտո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, թե՞ նրա պես համարում է, որ Արցախը միշտ Ադրբեջանի մաս է կազմել, համաձա՞յն է, որ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է պաշտպանված լինի, թե՞ Նիկոլ Փաշինյանի պես համարում է, որ այդ հարցի բարձրաձայնումն իր հայելային արձագանքն է գտնում Ադրբեջանում՝ «Արևմտյան Ադրբեջան» տեսքով։
Եվ այսպես, այդ կուսակցապետը հանրության վրա ազդեցություն գործելու նպատակով մոգոնեց «դիմություն» բառը, ու հաճախ էր սիրում քաղաքական իմաստունի տեսքով ասել, որ «դիմությունն ու ընդդիմությունը…»: Սույն գործիչը «դիմություն» ասելով նկատի ուներ իշխանությանը։ Սակայն հայերենում ոչ միայն գոյություն չունի «դիմություն» բառ, այլև տափակաբանություն է այն օգտագործել որպես ընդդիմության հականիշ, որովհետև եթե նույնիսկ Լեզվի տեսչությունը որոշեր հանուն նրա (ժամանակին նա մեկ թունդ ընդդիմություն էր, մեկ՝ թունդ «դիմություն») այդ բառն «օրինականացնել», ապա «դիմությունը» ոչ թե հականիշ էր լինելու ընդդիմությանը, այլ հոմանիշ։ Բայց ինչևէ, «դիմություն» բառը մտավ մարդկանց խոսակցական, ու շատերն էին ծիծաղելի լրջությամբ ասում. «Դիմությունն ու ընդդիմությունը»։
Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չհետևեր վերը նշված կուսակցապետին, քանի որ նրանք բավականին նմանություններ ունեն։ Երկուսն էլ կարողանում են այնպիսի արագությամբ փոխել կարծիքները ու այնպիսի համոզվածությամբ պաշտպանել նորը, որ հաճախ մարդիկ ընկնում են շփոթության մեջ, թե արդյո՞ք այդ երկու կարծիքները պատկանում են նույն մարդուն։ Տարբերությունը միայն այն է, որ հայտնի կուսակցապետն արդեն մի քանի տարի է, ինչ լռում է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ անդադար խոսում։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարեց, որ «Ցեղասպանության զենքայնացում չի լինելու»։ Թեպետ գրեթե վստահ եմ, որ մինչ այս ոչ մի ՔՊ-ական չէր լսել «զենքայնացման» մասին, բայց հաջորդ իսկ օրը նրանք մեկը մյուսի հետևից սկսեցին հայտարարել, որ «զենքայնացումը» անգլերենից թարգմանություն է, որը նշանակում է էսինչ բանը, մի ՔՊ-ական էլ «ապշել» էր, որ մենք մինչև հիմա չէին լսել «զենքայնացում» բառը, մի ուրիշ ՔՊ-ական էլ որոշեց հարցը փակել «կացնային եղանակով»։ «Նման բառ եթե մինչև հիմա չկար, այսօրվանից արդեն կա»,- առանց այլևայլության հայտարարեց իշխանական երեսփոխանը։
Բայց իհարկե «ամենաարհեստավարժը» իրեն պահեց ԱԳ փոխնախարարը։ Նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այնպիսի հանգիստ տոնով հայտարարեց. «Մենք դա համարում ենք Հայոց ցեղասպանության հարցի զենքայնացում և արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ», որ կարելի էր կարծել, թե օր չկա, որ նա տարբեր առիթներով չօգտագործի «զենքայնացում» բառը։ Իհարկե, ես չեմ մեղադրում ո՛չ ՔՊ պատգամավորներին, ո՛չ էլ ԱԳ փոխնախարարին, քանի որ «զենքայնացում» բառը օգտագործել էր Նիկոլ Փաշինյանը, ու այն անպայման կարիք ուներ «օրինականացման» ու «տիրաժավորման»։
Իսկ այսօր էլ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ «ավետիսով»։
«Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք»,- գրել է նախարարը՝ քանդելով հայերենը։ Մի կողմ թողնենք սխալ շարահյուսությունը, որը ընդհանրապես հայերեն չէ, հայերեն են միայն բառերը։ Երբ Գևորգ Պապոյանը գրում է «այլևս հնարավորություն ունի արտահանելու (նրա գրառման մեջ վերջին բառում ՈՒ տառի բացակայությունը, ենթադրենք, պատահական վրիպակ է)», ապա այդ լուրը կարդացողը կարող է ընկնել թյուրիմացության մեջ՝ վստահ լինելով, որ նախարարը ամենայն հավանականությամբ մի տեղ սխալվել է, բայց որտե՞ղ։ Հայերենում «այլևս» բառն ունի ժխտական իմաստ, հետևաբար Գևորգ Պապոյանը պետք է գրեր. «Հայաստանն այլևս հնարավորություն Չունի արտահանելՈՒ Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք»։
Սակայն քանի որ կարդալով գրառման շարունակությունը՝ հասկանում ենք, որ ամեն դեպքում մենք ձուկ ու ձկնամթերք արտահանելու ենք, ապա Էկոնոմիկայի նախարարն իր գրառումը պետք է սկսեր այսպես. «Հայաստանն այսուհետև հնարավորություն ունի ձուկ և ձկնամթերք արտահանելու Եվրոպական միություն»։
Վերադառնալով նախաբանին՝ կրկին հռետորական հարց տամ՝ ինչո՞ւ է հայերենի իմացության թեստը տարածվում միայն պատգամավորների վրա, ու արդյո՞ք միայն հայերեն բառեր արտաբերելը բավարար է, որպեսզի համարվի, որ մարդը հայերեն գիտի, հատկապես երբ խոսքը վերաբերում է բարձրաստիճան անձանց։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում տպվում էր հոդվածաշար, որի հեղինակը «Ավետիս Հարությունյանն էր»։ Եվ ահա «Ավետիս Հարությունյանը» մի փայլուն հոդված էր գրել․«Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր»։
«Հետևե՛ք իմաստունի խորհրդին (նկատի ունի Մարկեսին), կերե՛ք ձեր խոտը, կշտացե՛ք ու բազմացե՛ք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»,- «Հայկական ժամանակ» օրաթերթում գրում էր «Ավետիս Հարությունյանը»։
Իհարկե, ինձ իրավունք չեմ վերապահում «Ավետիս Հարությունյանի» պես կոպիտ բառեր օգտագործել, քանի որ նման բառեր օգտագործելու իրավունք ուներ միայն նա, հատկապես որ հոդվածը գրելիս ընդամենն ակամայից հիշեցի նրան, այլ պարզապես բարեկամաբար խնդրում ու հորդորում եմ պահպանել հայերենը։ Հավատացե՛ք, տպավարություն թողնելու համար չարժե աղավաղել մեր գեղեցիկ լեզուն։
Իսկ եթե ոմանց մոտ հարց առաջանա, թե ինչու եմ «Ավետիս Հարությունյանը» գրում չակերտների մեջ, ապա ասեմ, որ «Ավետիս Հարությունյանը» Վանո Սիրադեղյանն էր, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո էլ շարունակեց ապրել օտարության մեջ ու հայրենիք «վերադարձավ» սոսկ հողին հանձնվելու համար։
Կարեն Կարապետյան