Տիգրանաշենի մասին շուտով երգեր ենք գրելու, եթե ընդդիմությունը օրակարգ չձևավորի. Mediahub

Եթե չլինեին Գագիկ Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները, որոնք պայքարում են իրենց աշխատատեղերի վերականգնման համար, ապա քաղաքական կյանքը Հայաստանում կարելի էր համարել «մահացած»։ Ու իրական պատճառն այն չէ, որ շոգ է (շոգը երբևէ քաղաքական կատեգորիա չի եղել, այլ ընդամենն անգործության արդարացում) կամ քաղաքական օրակարգ չկա։ Օրակարգ որքան ուզես, բայց եթե իրերն անվանենք իրենց անուններով, ապա պետք է փաստենք, որ այս դադարի իրական պատճառը Նիկոլ Փաշինյանի արձակուրդում գտնվելն է։ Այսինքն, ուզենք, թե՝ չուզենք, պետք է խոստովանենք, որ հենց նա է թելադրում օրակարգը, իսկ նրան հեռացնելու հայտ ներկայացրած ընդդիմությունն ընդամենն արձագանքում է այդ օրակարգին։

Թելադրողն արձակուրդում է, «արձակուրդում» են նաև արձագանքողները։ Մինչդեռ օր օրի ավելի առարկայական է դառնում Տիգրանաշենի կորուստը։ Այդ մասին այլևս որևէ կասկած գրեթե չի կարող լինել, հատկապես Նիկոլ Փաշինյանի վերջին ճեպազրույցից հետո, երբ պատասխանելով Տիգրանաշենի մասին լրագրողի հարցին, նա պատասխանեց, որ եթե Ադրբեջանը Արծվաշենը համարում է անկլավ, ապա դա պետք է իր հայելային արձագանքն ունենա Հայաստանում, մինչդեռ երբեք Ալիևը չի տվել Արծվաշենի անունը։ Իհարկե նա խոսացել է անկլավների հարցի լուծման մասին, սակայն երբևէ չի շեշտել փոխանակման տարբերակը, այլ ընդամենը ասել, որ այդ հարցը պետք է լուծվի։ Չկա որևէ երաշխիք, որ նա հարցի լուծում ասելով չի ենթադրում Հայաստանի կողմից հերթական միակողմանի զիջումը։ Այսինքն Տիգրանաշենի հանձնում, առանց Արծվաշենի վերադարձի։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Արծվաշենը վերադարձնելու մասին, դա դեռ երաշխիք չէ, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում նա տվել է բազմաթիվ խոստումներ, այնուհետև արել տրամագծորեն դրանց հակառակը։ Բայց եթե նույնիսկ մենք վերադարձնենք Արծվաշենը հանձնելով Տիգրանաշենը, ապա դա նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր հերթական ռազմավարական դիրքը։ Ադրբեջանը մխրճվում է Արարատի մարզ ու հսկողություն սահմանում հայ-իրանական ճանապարհի վրա, ինչպես արդեն հսկողություն է սահմանել հայ-վրացական հատվածում։ Ադրբեջանը մեզ օղակի մեջ է վերցնում բոլոր կողմերից, իսկ մենք նույնիսկ բարոյական հաղթանակ տոնել չենք կարող, որովհետև մեր հայրենիքի մի հատվածն ընդամենը փոխարինում ենք մեր հայրենիքի մյուս հատվածի հետ։

Հետևաբար ո՞վ պետք է կանխի այս գործընթացը, ո՞վ պետք է թույլ չտա ադրբեջանցիների «մուտքը» Արարատի մարզ։ Հարցն այնքան պարզունակ է, որ նույնիսկ պատասխան չի ակնկալում, քանի որ եթե իշխանությունը համաձայն է Տիգրանաշենի հանձնմանը, ապա կանխումը պետք է կազմակերպի ընդդիմությունը։ Բայց եթե ընդդիմությունը պատրաստվում է Տիգրանաշենի հանձնումը չեզոքացնել հանձնումից հետո, կամ Ազգային ժողովում պաթետիկ ելույթներով, ապա կարծում եմ ավելի արդյունավետ կլինի դիմել որևէ տաղանդավոր գուսանի, քանի դեպքերի նման ընթացքի ու ընդդիմության նման «պարապուրդի» պարագայում, շուտով մենք Տիգրանաշենի մասին ընդամենը գեղեցիկ երգեր կունենանք, ինչպես ունենք Անիի, Կարսի, Սասունի, Մուշի, Վանի, Արցախի…մասին։

Կարեն Կարապետյան