Հուլիսի 4-ի ՍԴ որոշումը կարող էր անկանխատեսելի լիներ, եթե ընդդիմությանը հաջողվեր բազմահազար ընդդիմադիրներին կոնսոլիդացնել. Mediahub
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակելու է վճիռը, որով կա՛մ անվավեր է ճանաչելու խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կա՛մ թողնելու է անփոփոխ։ Ի տարբերություն որոշ վերլուծությունների, համաձայն որոնց, հնարավոր են արտահերթ ընտրություններ, ես այդ տարբերակը գրեթե բացառում եմ, համենայն դեպս նման ընթացքի պայմաններում։
Նախ՝ համարյա կասկած չունեմ, որ ՍԴ վճիռն արդեն պատրաստ է, ու այն ֆարսը, որը տեղի է ունենում հիմա, ընդամենը գործընթացին օրինականություն հաղորդելու համար է, ստեղծել պատրանք, իբր Սահմանադրական դատարանն անկախ մարմին է, այսինքն` այնպիսին, ինչպիսին պետք է լիներ իրականում, ու ցանկացած վճիռ, որը հրապարակվելու է ամսի 4-ին, «օբյեկտիվ» քննության արդյունք է։
Երկրորդը՝ որպեսզի գոնե տեսականորեն պահպանվեր այն հավանականությունը, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները, ընդդիմության կողմից պետք է լիներ այնպիսի ճնշում, որի արդյունքում ՍԴ դատավորների մոտ կսասանվեր երկրի գործադիր իշխանությանն անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը։
Իսկ ճնշումը պետք է լիներ հանրային լայն դժգոհության ու այդ դժգոհությունները ՍԴ-ի դիմաց կոնսոլիդացնելու տեսքով։
Եթե ՍԴ դատավորները տեսնեին շենքի դիմաց այնպիսի հոծ բազմություն, որը լի է իր ձայներին տեր կանգնելու վճռականությամբ, ապա ամսի 4-ին սպասվելիք վճիռը կարող էր անկանխատեսելի լիներ, եթե նույնիսկ իշխանությունը դիմեր ոստիկանական ուժերի օգնությանը։ Ոչ միշտ է որ հանրային լայն դժգոհությունները ճնշելու համար ուժային մեթոդները լինում են արդյունավետ, հաճախ դրանք հանգեցնում են բողոքի ալիքի էլ ավելի ընդլայնմանը՝ կախված ընդդիմադիր առաջնորդների կամային հատկանիշներից։
Հիշենք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը գործեց նմանատիպ սցենարով և հանրային այնպիսի ալիք գեներացրեց Ազգային ժողովի շենքի շուրջ, որ ներսում գտնվող պատգամավորներին ստիպեց ընդունել այնպիսի որոշում, որն ինքն էր ուզում։ Այլ խոսքով, նա տվյալ պահին չլինելով վարչապետ, կարողացավ ձևավորել երկիշխանություն, մեկը փողոցում, մյուսը՝ խորհրդարանի ներսում, ու արդյունքում հաղթեց փողոցը։
Իսկ ի՞նչ է անում այսօրվա ընդդիմությունը։ Սեփական ներկայացուցիչներով ՍԴ-ում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցախեղդ անելը գուցե վարկաբեկում է վերջինիս հեղինակությունը կամ ինչ-որ իրավական փաստաթղթեր է տալիս ընդդիմության ձեռքը, սակայն զուրկ է հանրային հետաքրքրությունից։ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա մի քաղաքացի, որը հետաքրքրքվում է այս պահին ընթացող ՍԴ նիստերով, հետաքրքրվողներն էլ բացառապես շահագրգիռ մարդիկ են, որոնք այս կամ այն չափով կա՛մ կապված են որևէ քաղաքական ուժի հետ, կա՛մ ունեն քաղաքական հստակ դիրքորոշում։
Մինչդեռ ՍԴ նիստերը պետք է ուղեկցվեին հանրային լայն ճնշմամբ, նստացույցերով, հանրահավաքներով ու երթերով։ Ընդ որում, հանրահավաքներ ոչ թե 2-3 հազար մասնակիցներով, այլ բազմահազար։
Կա՞ դրա համար մարդկային անհրաժեշտ ռեսուրս, իհարկե կա, հաշվի առնելով այն մի քանի 100 հազար մարդը, որոնք չեն ընտրել այս իշխանություններին։ Իսկ ի՞նչը կամ ո՞վ է պակասում բացառապես Սահմանադրության ու օրենքի շրջանակներում ձևավորել այնպիսի շարժում, որը նախ կհանգեցնի ընտրություններն անվավեր ճանաչելուն, այնուհետ՝ իշխանափոխությանը։ Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը հստակ գիտեն կամ զգում են այն ընդդիմադիր ուժերը, որոնք հայտ էին ներկայացրել փոխելու Նիկոլ Փաշինյանին, որոնք դիմել են Սահմանադրական դատարան՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։
Իսկ թե իրականում ինչո՞ւ գործընթացը չի ավարտվում հօգուտ ընդդիմադիրների, ո՞վ է պակասում իշխանափոխություն իրականացնելու համար, (հավելյալ անգամ շեշտում եմ՝ բացառությամբ Սահմանադրության ու օրենքի շրջանակներում) ապա այդ հարցին կանդրադառնանք ՍԴ վճռից ու մանդատները վերցնել-չվերցնելու հարցի որոշումից հետո։
Կարեն Կարապետյան