Հայաստանի՝ ԵՄ անդամագրումը կլինի նույնը, ինչ մեկն իր տան գործիքները համարի ընտանիքի անդամ. Mediahub

Բոլորիս տանն էլ կան գործիքներ, որոնք մենք օգտագործում ենք ըստ անհրաժեշտության, ու որքան էլ նրանք մեզ համար կարևոր նշանակություն ունենան, այնուամենայնիվ, նրանք ընդամենը գործիքներ են, որոնք մենք օգտագործում ենք, սակայն երբեք չենք համարում ընտանիքի անդամ ու նետում ենք աղբանոցը, երբ դադարում են պիտանի լինելուց։

Ահա հենց նմանատիպ կարգավիճակ ունի Հայաստանը եվրոինտեգրման ճանապարհին։ Արևմտյան ողջույնները, կեղծ ժպիտները, գովասանքի խոսքերն ընդամենը միտված են գործիքն առավել արդյունավետ օգտագործելուն, բայց ոչ ավելին, ու մենք երբեք չենք դառնա եվրոպական ընտանիքի անդամ, քանի որ խախտում ենք այն արժեհամակարգը, որի վրա կառուցված է տվյալ աշխարհաքաղաքական միավորը։

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի ու մնացյալ ազատություններն այն գաղափարական հենքն են, որոնց վրա կառուցված է ԵՄ-ն ու թեպետ նա կարող է դրանց խախտումների վրա աչք փակել, երբ տեղի են ունենում իր սահմաններից դուրս ու խախտողներին օգտագործել որպես գործիք, սակայն երբեք նրանց չի ընդունի իր ընտանիք, նույնիսկ եթե տվյալ պետության տնտեսության զարգացման չափանիշները գերազանցեն ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրին առանձին վերցրած։

Այդպես է նույնիսկ սովորական կենցաղում։ Աշխարհում շատ ծառայություններ կան, որոնցից մարդիկ օգտվում են հաճույք կամ շահույթ ստանում, սակայն երբեք չեն հանդուրժի դրանց ներթափանցումն իրենց պատերից ներս։

Օրերս գնացել էի Մասիսի ոստիկանության անձնագրային բաժին։ Հերթի ժամանակ զրուցում էի հարակից գյուղերից եկած մի մարդու հետ, որն ինձ փորձում էր համոզել, որ այ շատ շուտով մենք կարող ենք անարգել գնալ եվրոպական ցանկացած երկիր։ Խեղճ, խաբված գյուղացի մարդ։ Նախ՝ առավել քան վստահ եմ, որ այդ մարդը երբեք չի եղել Եվրոպայում ու նույնիսկ առանձնապես չի էլ ձգտել, հակառակ դեպքում կիմանար, որ մեր եվրոինտեգրման ճանապարհին, երբ մազ է մնացել «դառնանք եվրոպացի», վիզաների տրամադրումը տասնապատիկ ավելի է բարդացել, քան երբ «ասիացի» էինք։ Երկրորդը՝ ակնհայտ է, որ մարդը մնացել է իշխանական քարոզչության տակ ու Հանրայինի լուրերի հույսին՝ որպես իր համար տեղեկատվության միակ աղբյուրի։

Ու առավել հատկանշական է նաև այն, որ հենց ինքներս ենք մեր առաջ փակում Արևմուտքի դռներն ու ինքներս ենք սիրահոժար մեզ գործիք երևակայում։

Ընտրակեղծիքները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, օրեր հետո Սահմանադրական դատարանի վճիռը՝ կապված ընտրությունների հետ, քաղաքական հալածանքները, քաղբանտարկյալների մեծաթիվ առկայությունը, քաղաքացիներին տոտալ վերահսկելու փորձերը, համատարած գաղտնալսումները Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներն ու էլի բազմաթիվ գործոններն այն բաժանարար պատերն են, որոնք կանգնած են մեր ու Եվրոպայի միջև։ Ու թեպետ դրանցից ոմանք ԵՄ-ն ողջունում է, ոմանց վրա աչք փակում, իսկ իշխանությունն էլ այդ ամենը «ծախում» ՀՀ քաղաքացիների վրա, սակայն Մասիսի շրջանի միամիտ (բառիս դրական իմաստով) գյուղացին պետք է իմանա, որ այդ ողջույնների հիմքը բացառապես քաղաքական շահն է։ ԵՄ-ն կարող է ողջունել ժողովրդավարության, մարդու իրավունքների ու խոսքի ազատության տոտալ խախտումները Հայաստանում, եթե դրանից օգուտ ունի, սակայն երբեք թույլ չի տա դրանց նորթափանցումն իր մոտ, հակառակ դեպքում կիմաստազրկվի իր սեփական գոյությունը։

Վրաստանը տասնյակ տարիներով ձգտում էր դեպի ԵՄ, նույնիսկ ամենուր Վրաստանի դրոշների կողքին փակցված էին ԵՄ դրոշները, մեքենաների պետհամարանիշները նմանեցված էին եվրոպականին, իսկ վրացիներն էլ մտածում էին, որ իրենք արդեն «եվրոպացիներ» են, ու ընդամենը 5-է պակաս, սակայն այդ 5 րոպեի վրա ժամացույցը կանգ առավ, ու նրանք այդպես էլ չդարձան այն, ինչին այդպես ձգտում էին։

Մոլդովան ԵՄ պաշտոնական թեկնածու պետություն է, ու ինչպես Հայաստանում, այդպես էլ այնտեղ ԵՄ-ն ակտիվ աշխատանքներ է տանում տվյալ երկրի ներքին փոփոխությունների ուղղությամբ։ Արդյունքում ընտրությունների ժամանակ կիրառվեց մի հնարք, որով պարզապես չգրանցեցին հաղթած թեկնածուի արդյունքները, ինչն էլ ստացավ «մոլդովական սցենար» անվանումը։ Մոտավորապես ինչպես մեզ մոտ անվավեր ճանաչեցին ԲՀԿ-ի ձայները։ Հիմա ի՞նչ եք կարծում, «մոլդովական սցենարը» մոտեցրե՞ց Մոլդովային ԵՄ անդամակցությանը, թե՞ հակառակը։ Իհարկե հակառակը, որովհետև, օրինակ՝ Գերմանիայում երբեք չեն հանդուրժի, որ հաղթած կանցլերի ձայները համարեն անվավեր, ինչ «հիբրիդային» պատճառաբանություններ էլ լինեն։

Ուկրաինան էլ ավելի «դժգույն ու դժբախտ» վիճակում է։ Այդ երկիրը պարզապես արյունաքամ է լինում, գրեթե վերջանում, սակայն յուրաքանչյուր օրը նրան ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է ԵՄ անդամակցությունից, ու տպավորություն է, որ այսօր տեղի է ունենում այդ երկրի սովորական մասնատում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։

Նույնն էլ Հայաստանում է, ու որպեսզի մենք գոնե տեսականորեն պահպանեինք ԵՄ անդամագրման հույսերը, պետք է ազատ արձակեինք բոլոր քաղբանտարկյալներին, ընտրությունների ժամանակ պետք է ապահովեինք մաքսիմալ ազատություն ու թափանցիկություն, իսկ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է սպառնար ընդդիմախոսներին բանտարկելով, այլ համերաշխության ձեռք մեկներ բոլորին, որպես քաղաքական ինստիտուտի կայունացմանն ու զարգացմանն ուղղված կարևորագույն քայլ։

Հիմա Մասիսի շրջանի իմ բարի զրուցակից, արի ինքներս մեզ հարց տանք, արդյո՞ք ԵՄ-ն ինքն իրեն կդարձնի հասցեատեր այն բոլոր քաղաքական ապականություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իհարկե՝ ոչ։

Կարեն Կարապետյան