Փաշինյանը փորձում է հանրության բոլոր շերտերին «կոնսոլիդացնել» կալանավայրերում. ՔՊ-ականների ագրեսիան պայմանավորված է վախով. Mediahub

Գաղտնիք չէ, որ Հայաստանի յուրաքանչյուր իշխանության ժամանակ եղել են դրվագներ, երբ խախտվել են մարդու իրավունքները, եղել են մարդիկ, որոնց ձերբակալության հիմքում եղել է նրանց քաղաքական գործունեությունը, սակայն մեծամասամբ նրանք եղել են քաղաքական գործիչներ, իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, դա աննախադեպ է անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։

Այսօր Փաշինյանը քաղբանտարկյալների փունջ է ձևավորում, որտեղ կան թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ լրագրողներ, թե՛ հասարակական-քաղաքական ակտիվիստներ, թե՛ փաստաբաններ, թե՛ գիտնականներ, թե՛ Վեհափառ, բարձրաստիճան հոգևորականներ ու քահանաներ, և թե՛ կանայք ու աշակերտներ, ընդ որում կին, որն ունի նորածին երեխա։ ՔՊ-ական իշխանության ձեռամբ մեր հասարակությունում ձևավորվել է այն թյուր ըմբռնումը, իբր քաղբանտարկյալ են միայն նրանք, որոնք գտնվում են բանտում, սակայն իրականում բոլոր այն անձինք, որոնք գտնվում են տնային կալանքի տակ, որոնց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չբացակայելու արգելքը կա՛մ վերահսկողությունը, նրանք նույնպես քաղբանտարկյալներ են, որովհետև հարուցված քրեական գործն այն դամոկլյան սուրն է, որը Փաշինյանը կախում է հանրության գլխին։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ցանկացած պահի կարող են փոխել խափանման միջոցը ու անձը, որը մինչ այդ պարզապես իրավունք չուներ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, կարող է հայտնվել բանտում։

Բայց Նիկոլ Փաշինյանի ձևավորած «փունջ»-ը թեպետ փաստում է երկրում տիրող ամբողջական բռնատիրության մասին, այնուամենայնիվ, ի դժբախտություն Նիկոլ Փաշինյանի, ապացուցում է, որ նա մերժված է հանրության բոլոր շերտերի կողմից։ Սա նույնպես աննախադեպ երևույթ է Հայաստանի անկախության տարիներին։ Դեռևս չի եղել որևէ իշխանություն, որն իր իշխանավորման ժամանակահատվածում ստիպված լինի քրեական գործ հարուցել գրեթե ողջ հանրության դեմ, որպեսզի այդ միջոցով հնարավորություն ստանա վերարտադրվելու։ 

Այդ համատեքստում էլ թերևս կարելի է դիտարկել նաև ՔՊ-ական որոշ պատգամավորների ագրեսիվ պահվածքը և՛ իրենց քաղաքական օպոնենտերի հետ «հարաբերվելիս» և՛ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նման պահվածքի իրական մոտիվացիան ոչ թե իրենց ներքին «դուխն» է, այլ վախն ու փաստարկների բացակայությունը։

Օրինակ՝ երբ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների գրեթե ցանկացած հարցին հակադարձում է, թե հրապարակեք ձեր լրատվամիջոցի ֆինասական աղբյուրը, ըստ էության դա նշանակում է փախուստ լրագրողներից։ Նախ՝ լրագրողը պարտավոր չէ բացահայտել իր լրատվամիջոցի ֆինանսական աղբյուրները, երկրորդը՝ նա նույնիսկ պարտավոր էլ չէ այդ մասին իմանալ։ Բայց ա՛յ Ռուբեն Ռուբինյանը պարտավոր է հոդաբաշխ պատասխան տալ, թե ինչո՞ւ պատերազմ հրահրեցին ու զոհեցին 5000 մարդ, երբ իրենց տրամաբանությամբ Արցախն Ադրբեջանին էին հանձնել դեռևս 1991 թվականին։ Իհարկե այդ հարցի պատասխանը տվել է Նիկոլ Փաշինյանը, այն է, որ իրեն չասեն դավաճան։ Սակայն Ռուբեն Ռուբինյանը Նիկոլ Փաշինյան չէ ու եթե ասի, որ 5000 զոհ ենք տվել միայն նրա համար, որ «մեր շեֆին չասեն դավաճան», ապա անմիջապես հաջորդ վայրկյանին հնարավոր է Փաշինյանը Ռուբինյանին հանձնի Ալիևին։ Հետևաբար կապից արձակվածի պես հարձակվել լրագրողների վրա ու պահանջել ֆինանսական աղբյուրի բացահայտում, որը ոչ մի կապ չունի տրված հարցի հետ, հերթական ապացույցն է նրա, որ ՔՊ-ական խմբակը սպառել է իր դավաճանությունն արդարացնելու ողջ ռեսուրսը։

Այլ խոսքով, այս իշխանության համար ընտրությունները սոսկ քաղաքական գործընթացներ չեն, երբ պարտության դեպքում հնարավոր է արժանավայել հեռանալ, այլ կենաց մահու խնդիր, քանի որ նրանք այն աստիճան են հատել բոլոր գծերը, որ պարտության դեպքում Հայաստանում այլևս գուցե չմնա նույնիսկ մի փոքրիկ գյուղակ, որտեղ նրանք կարողանան թաքցնել իրեն հայրենահանձնումը։

Իհարկե կարևոր գործոն է նաև նրանց ընչաքաղցությունն ու «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» հոգեբանությունը, սակայն դա ոչինչ է անասնական վախի համեմատ։

Կարեն Կարապետյան