Անձամբ ես համաձայն եմ կանգնել ֆայլաբազառում, իմ հացը վաստակել բանվորությամբ, եթե գինը Փաշինյանի քաղաքական չգոյությունն է. Mediahub
Նիկոլ Փաշինյանը սկսել է իր անձը կապել արդեն ոչ միայն պետության գոյության, այլև մարդկանց աշխատանքի հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ նա լրագրող Վահե Մակարյանին ասում է տառացիորեն հետևյալը. «Եթե ես չլինեի, դուք հիմա ֆայլաբազառում կկանգնեիք, որ հացի փող վաստակեիք»։ Իհարկե նման վերաբերմունքով երկրի վարչապետ հանդիսացող անձը, որը նույնպես նախկինում լրագրող է եղել, վիրավորում է ոչ միայն լրագրողներին, այլ նաև բանվորներին։
Սակայն խնդիրը դա չէ, այլ ձևակերպումը։ Նույն տրամաբանությամբ, եթե չլինեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ապա Նիկոլ Փաշինյանը ոչ թե կունենար սեփական օրաթերթ ու կզբաղվեր լրագրությամբ, այլ կկանգներ ֆայլաբազառում։ Ի դեպ, այն տարիներին ֆայլաբազառն ավելի ակտուալ էր, ու գուցե վատ գումարներ չվաստակեր։
Բայց եկեք մի պահ պատկերացնենք ինչ կլիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Թե ով կկանգներ ֆայլաբազառում հացի փող վաստակելու, դա հարցի երկրորդական կողմն է, հատկապես, որ այնտեղ կանգնող մարդիկ իրենց արդար քրտինքով են վաստակում իրենց հանապազօրյա հացը՝ ի տարբերություն ներկայիս իշխանության, որոնց ճնշող մեծամասնությունն առանց որևէ բարիք արարելու, առանց հանրությանը որևէ օգուտ տալու, սնվում են նույն հանրության փողերով՝ բարձր աշխատավարձերի ու նույնքան բարձր պարգևավճարների տեսքով։
Եվ այսպես, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ապա այսօր շուրջ 5000 նահատակ պառկած չէր լինի գերեզմանում, այսօր կունենայինք հայկական Արցախ, ՀՀ ինքնիշխան տարածքները հանձնված չէին լինի Ադրբեջանին, նախկինում պարտված ադրբեջանցին այսօր չէր ստորացնի ու ծաղրի չէր ենթարկի Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի նախագահը ՀՀ ղեկավարին չէր անվանի հարբեցող ծաղրածու, տեղի չէր ունենա Հայոց ցեղասպանության ու պատմական հիշողության ուրացման գործընթաց, ազգային արժեքները չէին ոտնահարվի, Հայ Առաքելական Եկեղեցին չէր ասպատակվի կյանքում որևէ արժեք չստեղծածների կողմից, հայ ժողովուրդը չէր ներկայացվի նպատակներից ու իղձերից զուրկ սպառողական զանգված, հարկային պարտավորությունը կատարող յուրաքանչյուր քաղաքացի չէր հռչակվի թիվ 1 հերոս՝ ստվերելով մեր իրական հերոսների սխրանքները, Հայաստանը չէր բաժանվի երկու մասի՝ «պատմական»-ի ու «իրական»-ի, Արարատ ու Արագած լեռները չէին «թշնամացվի» միմյանց հետ, պետության ղեկավարը չէր հայհոյի ուղիղ եթերում, հոգևորականները չէին հայտնվի բանտում, հասարակությունը չէր բաժանվի սևի ու սպիտակի…
Այ այդքան բան չէր լինի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե դրա գինը պետք է լիներ այս կամ այն մարդու ֆայլազաբառում կանգնելը, ապա անձամբ ես համաձայն եմ, կանգնել ֆայլաբազառում, իմ հացը վաստակել բանվորությամբ, եթե փոխարենը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական չգոյությունը։
Կարեն Կարապետյան