ԱՄՆ-ն նո՞ր է տեղեկացվելու մեր ռազմագերիներից․ չպետք է չափազանցված ակնկալիքներ ունենալ Վենսի այցից. Mediahub

ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի այցից կան չափազանցված ակնկալիքներ մեզ հուզող հարցերի լուծման վերաբերյալ։ Բնականաբար յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել բարձրաձայնելու օրինակ՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման, Արցախցիների՝ իրենց հայրենի հողեր վերադարձի կամ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցերը, սակայն չպետք է ունենալ մեծ հույսեր, որ այդ հարցերը անպայմանորեն գտնելու են իրենց լուծումը՝ հօգուտ մեզ։ 

Այնպես չէ, որ ԱՄՆ-ում այդ մասին չէին իմանում ու Վենսը պարտադիր պետք է գար Հայաստան, որպեսզի տեղեկացվեր առկա խնդիրներից։ Իհարկե այդ մասին շատ լավ գիտեն բոլորը ու բոլորն են դրանք պահում իրենց քաղաքական օրակարգում, հարկ եղած դեպքում կողմերից որևէ մեկի վրա ճնշում գործադրելու նպատակով։ 

Ցավալիորեն պետք է փաստենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցմահ, իսկ մեր մյուս ռազմագերիներին երկարաժամկետ ազատազրկելու՝ Բաքվի դատարանի վճռի հրապարակումից հետո Հայաստանում չառաջացավ անհրաժեշտ հասարակական ցնցում, մինչդեռ հորդորները, նամակներն ու ճնշումներն առաջին հերթին պետք է տեղի ունենային հենց ՀՀ իշխանության նկատմամբ, քանի որ նրանք են բոլոր հարցերի հիմնական հասցեատերը ու որպես երկրի պաշտոնական իշխանություն՝ շահառուն։ 

Եթե ՀՀ իշխանությունները պահանջատեր լինեն, օրինակ՝ մեր ռազմագերիների հարցում, եթե դադարեցնեն բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ մինչև նրանց վերադարձը, եթե հարցը բարձրացնեն բոլոր միջազգային ատյաններում, ապա կտրուկ մեծանալու է նրանց վերադարձի հավանականությունը։ Քաղաքականապես հիմնավորված չէ այն թեզը, որ բանակցությունների դադարեցումը կհանգեցնի պատերազմի, քանի որ տվյալ պարագայում տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգռված են մի շարք կողմեր, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որը հաշվի չնստի միջազգային ճնշման հետ։ 

Սակայն պետք է փաստենք, որ ՀՀ իշխանությունների համար մեր հայրենակիցների վերադարձը նույնպես գտնվում է քաղաքական շահարկումների տիրույթում։ 

Իհարկե մեր յուրաքանչյուր հայրենակցի վերադարձն անկախ հանգամանքներից պետք է ողջունվի ցանկացած պարագայում, պարզապես, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները ոչ միայն պահվածքով, այլև սեփական ցանկությամբ, նրանց վերածել են շահարկման նյութի։ 

Այս պահին հնարավոր է դեպքերի զարգացման երկու տարբերակ, կա՛մ Ալիևը կվերադարձնի մեր հայրենակիցներից մի քանիսին, որպես բարի կամքի ժեստ՝ ԱՄՆ-ին, կա՛մ նախընտրական քարոզարշավի ժամանակ, որպես ընտրական նվեր՝ Նիկոլ Փաշինյանին, կամ էլ երկուսը միասին։ 

Հավելյալ անգամ շեշտում եմ, անկախ հանգամանքներից, յուրաքանչյուրի վերադարձը պետք է ուրախալի լուր լինի մեզ համար, սակայն առաջին դեպքում մենք հերթական անգամ կհամոզվենք, որ Հայաստանն այլևս ոչ մի գործընթացում գործոն չէ, իսկ երկրորդ պարագայում՝ մարդիկ որևէ արժեք չունեն ՆիկոլՓաշինյանի համար և բաժանված են երկու հատվածի, կա՛մ օգտակար են իր վերարտադության համար կա՛մ՝ ոչ։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am