Ինչո՞վ են որոշ դատավորներ առավել արհեստական բանականությունից, երբ վերջինս ունի «մտածելու» ունակություն. Mediahub

Երեկվանից հանրային տիրությում քննարկվում է Միքայել Սրբազանի նկարը, մի մասը վրդովված ու հուզված է նկարից, մյուսները՝ փորձում են «հանգստացնել», որ նկարն իրական չէ։ Այո, իրական չէ, ստացված է արհեստական բանականությամբ, սակայն միայն նկարը, իսկ մի՞թե նկարի ոչ իրական լինելը փոխում է մեր իրականությունը, միթե՞ մեր իրականությունը նույնպես արհեստական բանականության արդյունք է։

Գուցե արհեստական բանականությո՞ւնն է մարդկանց մեղադրանքներ առաջադրում ու կալանքի վճիռներ կայացնում։ Արդյո՞ք արհեստական բանականությամբ այսօր ևս մեկ ամսով երկարացվեց Մկրտիչ Սրբազանի կալանքը, թեպետ, երբ դատավորը վերածվում է ընդամենը նախօրոք գրված վճիռները կարդացողի, ապա ոչ միայն չի տարբերվում, այլ նույնիսկ զիջում է արհեստական բանականությանը, որովհետև վերջինս ունի «մտածելու» ունակություն։ Ընդ որում, ամենաեղկելին այն է, որ նրա դեմ ցուցմունք են տալիս նրանք, որոնք դեռ երեկ համբուրում էին Սրբազանի աջը։ Իրավիճակն էլ ավել նողկալի է դարձնում այն, որ հոգևորականի դեմ ցուցմունք է տալիս հոգևորականը, սակայն ուշագրավ է, որ «մեղադրյալը» դատարան է մտնում տասնապատիկ ավելի արժանապատիվ կեցվածքով, քան մեղադրողների կողքին ծվարած ցուցմունք տվողը։ Բայց ինչևէ, ներկա պահին հարցն ամենևին դա չէ, այլ արհեստական օրակարգով իրական օրակարգը երկրորդելը։

Նկարը թեպետ ստացված է արհեստական բանականությամբ, սակայն ամենևին էլ արհեստական չէ, այլ արտացոլում է մեր իրականությունը, որովհետև իրականությունն այն է, որ այս պահին մտացածին մեղադրանքներով բանտերում են գտնվում մեր 4 Սրբազանները։ Արհեստական բանականությունը չէ Բագրատ Սրբազանին հռչակել «ահաբեկիչ», Միքայել Սրբազանին իշխանությանը բռնի ուժով տապալելու «կոչ» անող, Արշակ Սրբազանին ուրիշ միջոցով ուրիշի «ջեբը պլան գցող», Մկրտիչ Սրբազանին՝ հանրահավաքներին մասնակցել «պարտադրող»։  Առավել ևս, որ մեր կալանավայրերը «չեն բավարարվելու» այս 4 Սրբազաններով, առաջիկայում այլ բարձրաստիճան հոգևորականների նույնպես կառաջադրվեն մեղադրանքներ, ընդհուպ Վեհափառ։

Այս իշխանության «հաջողությունը» մասամբ պայմանավորված է նրանով, որ մեր ուշադրությունը հաճախ չափից դուրս շատ է կենտրոնանում երկրորդական հարցերի վրա ու ակամա նմանվում ենք «լրահոս քննարկողի»։ Ընդդիմադիր հատվածի մեծ մասը թեմաներին նայում է լրահոսի տեսանկյունից, մեկից արագ անցնում ենք մյուսին ու միանգամից մոռանում նախորդը։ Ցավալիորեն այդ ընթացքում անկարևորները երբեմն ակամա գերակայում են կարևորներին։ Մենք պետք է ֆիլտրենք «լրահոսը», սակայն միայն կարևոր օրակարգերն առանձնացնելը բավարար չէ։ Մենք պետք է ոչ թե մեկից անցնենք մյուսին, այլ մեկտեղենք բոլորը։ Զորօրինակ՝ մենք ոչ թե արցախցիների վերադարձի իրավունքը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհները, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, Հայաստանում առկա քաղբանտարկյալներին, ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանի կողմից մեկուսացված լինելու փաստը, Հայաստանի կողմից միակողմանի զիջումները, մեր պատմական հիշողությունն ու ազգային արժեքները ջնջելու փորձերը, Հայոց Ցեղասպանությունն ուրանալու հանգամանքը… քննարկենք առանձին-առանձին ու ըստ համապատասխան առիթների, այլ բոլորը մի համատեքստում, քանի որ դրանք ընդհանուրի առանձին մասնիկներն են, իսկ ընդհանուրն ունի մեկ նպատակ՝ Հայ քաղաքական շահերը ի սպաս դնել թուրք-ադրբեջանական տանդեմին։

Իսկ տվյալ պահին քննարկելը, թե արդյո՞ք Միքայել Սրբազանի նկարը արհեստական բանականությամբ է ստացված, թե՝ ոչ, հատկապես, որ այն ի ցույց է դնում իրականությունը…իրոք անիմաստ է։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am-ի