Արգիշտի սրճարանը․ Երևանը՝ նախկինում

Ավագ սերնդից շատերը կհիշեն Մաշտոցի պողոտայի «Արգիշտի» սրճարանը, որը Երևանի ամենահայտնի ու կոլորիտային վայրերից մեկն էր։ Երևանի որ հատվածից էլ նստեիր տաքսի, բավական էր վարորդին միայն ասել, որ գնում ես «Արգիշտի» սրճարան, տեղը բացատրելու կարիք չկար։

Սրճարանում մշտապես կարելի էր հանդիպել ուսանողների, արվեստի գործիչների, տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդկանց։ Սրճարանը հիանալի վայր էր երիտասարդ սիրահարների հանդիպման համար, ու շատ հնարավոր է, որ հենց այդտեղ են արվել սիրո առաջին խոստովանությունները, ամուսնության առաջարկները։

Սրճարանում իրենց երեկոն էին անցկացնում նաև բազմաթիվ ընտանիքներ, ու յուրաքանչյուր սեղան ուներ իր պատմությունը, իր խոսակցության թեման, սկսած դերասանների կողմից որևէ բեմական կերպարի բարձրաձայն քննարկումներով, վերջացրած որևէ անկյունում ինչ-որ երիտասարդի կողմից շշուկով արված սիրո բացատրության։

Հիմա այդ սրճարանն այլևս չկա, ինչպես այլևս չկան Երևանի բազմաթիվ այլ վայրեր, ինչպես այլևս չկա նախկին Երևանը։