Ազատագրական պայքարը Փաշինյանի հեռացումը պարտադրելն է, ոչ թե հերթական խորհրդարանական ընտրությանը մասնակցելը. Mediahub

Այժմ գեներացվում է նոր գաղափար, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «փոքր» կուսակցությունները չպետք է մասնակցեն ընտրություններին, քանի որ փոշիացնում են ձայները ու խանգարում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մղվող ազգային ազատագրական պայքարին։ Դասական առումով միանգամայն ճիշտ մոտեցում է, որովհետև ազգային ազատագրական պայքարի համար անհրաժեշտ է ամբողջական ուժերի համատեղում, սակայն որպեսզի մոտենանք դասական ձևակերպմանը, անհրաժեշտ է պատասխանել մի քանի հարցերի։

Նախ՝ ո՞վ է որոշում, թե որ կուսակցությունն է «մեծ», որը «փոքր», եթե դեռևս որևէ խոշոր ընտրություն տեղի չի ունեցել ու ոչ մի քաղաքական ուժի իրական կարողությունը դեռևս չի չափվել։ Եթե ելակետը ընդունենք ՏԻՄ ընտրությունները, ապա դրանցում հաջողություն ու անհաջողություն են գրանցել բոլորը, այդ թվում իշխող ուժը, իսկ ՔՊ-ին «փոքր» կուսակցություն համարելը կարծում եմ քաղաքական կուրություն կարելի է համարել։

Երկրորդը՝ կուսակցության իրական ուժը համարվում է ոչ թե նրա բազմամարդությունը, քանի որ կան բազմաթիվ մարդիկ, որոնց կարելի է տեսնել գրեթե բոլոր շարժումներին, նախաձեռնություններին ու կուսակցություններին հարելիս, որոնք հաղթելու որոշակի հույս են ներշնչում, այլ նրա ներկայացրած ծրագրերը, գաղափարախոսական առանցքը, որի շուրջ հավաքվում են այդ մարդիկ, ինչպես նաև հանրության մեջ քաղաքական մեծ վարկանիշ ու կենսագրություն ունեցող մարդկանց առկայությունը։

Չորորդը՝ պայքարի մեջ մտնել պարտության կանխավարկածով, նախoրոք մեղավորներ նշանակելով, խոսում է քաղաքական «մեծ» ուժերի ոչ թե ինքնավստահության, այլ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հետ համակերպվելու հնարավոր տարբերակի մասին։

Եվ հինգերրորդն ու ամենակարևորը՝ ազգային ազատագրական պայքարը չի մղվում հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, այլ օրուգիշեր փողոցներում պայքարելով, անհնազանդության ակցիաներ իրականացնելով, հանրությանը հանրահավաքների ու երթերի դուրս բերելով, տուն չգնալով, իշխանության օրակարգերին ոչ թե արձագանքելով, այլ սեփական օրակարգեր ներկայացնելով, փողոցում իրական իշխանություն ձևավորելով, ազգային ծրագրեր ներկայացնելով ու վերջապես արտահերթ ընտրություններ պարտադրելով ու Նիկոլ Փաշինյանի հեռացումը փաստի վերածելով։

Իսկ եթե գնում ես հերթական խորհրդարանական ընտրությունների, ապա դա ոչ թե ազգային-ազատագրական, այլ սովորական քաղաքական պայքար է, որին իրավունք ունեն մասնակցելու բոլորը, թե՛ «մեծ» ու թե՛ «փոքր» կուսակցությունները` յուրաքանչյուրը հանրության մեջ ունեցած իր վստահության քվեով։ Բացի այդ, «մեծ» կուսակցությունը, եթե իրոք մեծ է, ոչ թե մյուսներին կոչ է անում չմասնակցել ընտրություններին, այլ իր առաջնորդական ձիրքով այնպես է անում, որպեսզի մյուսները ինքնահոժար միանան իրեն։ Եթե չկա միացում, ուրեմն այդ «մեծ» քաղաքական ուժն այնքան էլ մեծ չէ, որքան իրեն է թվում։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am