C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ ստանալով P&I WorldPensionSummit 2025 կողմից «Գերազանցություն և Նորարարություն» հեղինակավոր մրցանակը

2025թ. նոյեմբերի 12, Երևան – C-Quadrat Ampega Asset Management Armenia  (Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը հայտարարում է, որ լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ իրական հատվածում և ենթակառուցվածքներում կենսաթոշակային ակտիվների արդյունավետ ներդրումների համար։ Մրցանակը հանձնվել է Նոյեմբերի 4–6-ը Հաագայում (Նիդերլանդներ) կայացած P&I WorldPensionSummit 2025 միջազգային համաժողովի ընթացքում։

Աշխարհի ավելի քան 20 զարգացած և զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդեր մրցում էին երեք անվանակարգում լավագույնը ճանաչվելու համար և «Ներդրումներ» անվանակարգում գլխավոր մրցանակը եկավ Հայաստան՝ C-Quadrat Ampega-ի հաղթանակի շնորհիվ։

C-Quadrat Ampega-ն առաջինն է Հայաստանում կյանքի կոչել կենսաթոշակային ֆոնդերի ներդրումը վենչուրային ֆոնդում՝ համագործակցելով տեղական VC ընկերությունների հետ և նպաստելով դրանց կորպորատիվ կառավարման, ռիսկերի վերահսկման և համապատասխանության բարձրացմանը։ Այս քայլը մի կողմից դիվերսիֆիկացնում է կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային պորտֆելները, մյուս կողմից խթանում է Հայաստանի ձևավորվող վենչուրային էկոհամակարգը։

Ծրագրի հիմքում դրված է երկարաժամկետ մասնավոր կապիտալի, ներառյալ՝ կենսաթոշակային միջոցների ուղղումը իրական հատված և ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միաժամանակ ամրապնդում է Հայաստանի կապիտալի շուկան և նպաստում կայուն տնտեսական աճին։

Նման մոտեցումը կենսաթոշակային ֆոնդերի ներդրման համատեքստում լուծում է երկրի տնտեսական զարգացման համար երկու արդիական խնդիր՝

  • կենսաթոշակային ակտիվների աճի տեմպի և տեղական շուկայում համապատասխան ներդրումային հնարավորությունների անհամաչափության խնդիրը,
  • ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի ու նորարարական ձեռնարկությունների երկարաժամկետ ֆինանսավորման անհրաժեշտության հարցը։

WorldPensionSummit-ի հեղինակավոր հանձնաժողովը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն անդրադառնում է Հայաստանի ներդրումային միջավայրի ներկա սահմանափակումներին այլ նաև կարող է ծառայել որպես օրինակ այն երկրների համար, որոնք ցանկանում են կենսաթոշակային ակտիվները ներգրավել տեղական նորարարական ֆոնդերում։

C-Quadrat Ampega-ի գլխավոր տնօրեն Արման Վարդանյանը նշեց.
«Այս մրցանակը կարևորագույն գնահատական է մեր աշխատանքին։ Այն վստահության արտացոլումն է՝ թե՛ կենսաթոշակային համակարգի, թե՛ մեր կողմից իրականացվող երկարաժամկետ ներդրումային ռազմավարության նկատմամբ։ C-Quadrat Ampega-ում մենք առաջնորդվում ենք թափանցիկության, պատասխանատվության և նորարարության սկզբունքներով։ Այս մրցանակը մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, և մենք շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և իր քաղաքացիների կայուն ֆինանսական ապագայի կառուցման գործում»։

Ընկերության ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանը հավելեց.
«Մեր համոզմամբ՝ կենսաթոշակային ակտիվները պետք է դառնան երկրի իրական տնտեսության զարգացման շարժիչ ուժերից մեկը։ Համագործակցության և շարունակական նորարարության միջոցով մենք ստեղծում ենք լուծումներ, որոնք միաժամանակ շահավետ են թե՛ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների և թե՛ Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար։ Հատուկ շնորհակալություն Formula VC-ին՝ բազմաաստիճան գնահատման գործընթացը հաջողությամբ անցնելու, կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման և հայկական նորարարական ձեռնարկությունների որակյալ պորտֆել ձևավորելու համար, ինչը հնարավորություն տվեց իրականացնել այս պատասխանատու ներդրումը»։

C-Quadrat Ampega Asset Management Armenia ընկերությանմասին.

C-Quadrat Ampega Asset Management Armenia-ն Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո գործող ներդրումային ֆոնդերի կառավարիչ է, որը հիմնադրվել է C-Quadrat Investment Group-ի (Ավստրիա) և Ampega Asset Management-ի (Գերմանիա) կողմից։ Ընկերությունը արդեն 10 տարի կառավարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ առաջնորդվելով երկարաժամկետ արժեք ստեղծելու, պատասխանատու ներդրումային մոտեցումների և երկրի կայուն տնտեսական զարգացմանը նպաստելու սկզբունքներով։ Այսօր ընկերությունը կառավարում է 440,000-ից ավելի կենսաթոշակային մասնակիցների ավելի քան 650 մլրդ դրամ ակտիվներ՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան ռիսկերի կառավարում, թափանցիկություն և արդյունավետ ներդրումային քաղաքականություն։