Փաշինյանը Հայաստանի 3-րդ Հանրապետությունը նույնացնում է ֆաշիստական Գերմանիայի հետ՝ փորձելով «մաքրել» կապիտուլյացիայի ախտը. Mediahub

Նոյեմբերի 8-ին Բաքվում տեղի է ունենալու ռազմական շքերթ՝ «ի պատիվ» 44-օրա պատերազմում տարած հաղթանակի, որը Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ»։ Բնականաբար, Ալիևը առիթը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանին ստորացնելու ու հիշեցնելու վերջինիս կապիտուլյացիայի մասին։ Իհարկե, իրենց տեսանկյունից դա նորմալ է, որովհետև որքան էլ մեզ տհաճ լինի, այնուամենայնիվ, փաստ է, որ այդ պատերազմում Փաշինյանը պարտվել է ու ստորագրել կապիտուլյացիոն ակտ։

Սակայն եթե Ադրբեջանի պահվածքն իրենց տեսանկյունից նորմալ է, ապա Հայաստանի իշխանությունների պահվածքը մեր տեսանկյունից՝ աննորմալ։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Ալիևը տոնում է իր հաղթանակը, Նիկոլ Փաշինյանը վախենում է անգամ Եռաբլուր գնալ։ Ալիևը ցուցադրում է իր բանակի ուժը, մենք մեր բանակի մասին լսում ենք միայն թվաքանակի կրճատման ժամանակ։ Ալիևը Հայաստանի տեղանունները համարում է ադրբեջանական ծագում ունեցող, Նիկոլ Փաշինյանը վախենում է անգամ Արցախ բառն ասել։ Ալիևն իր հանրությանը կոչ է անում պատերազմի, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ մենք ապրում ենք «խաղաղության դարաշրջանում»։ Ալիևն իր հաղթանակը համարում է պատմական, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք կորցրեցինք Արցախը, բայց գտանք Հայաստանը, իսկ մեր զինվորները զոհվեցին, որ մենք ապրենք, համերգներ կազմակերպենք, երգենք ու պարենք։

Ու…մեր պարտությունը համարում հաղթանակ։ Թերևս սա միակ կետն է, որում Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի մոտեցումները համընկնում են, երկուսն էլ գտնում են, որ հաղթել են 44-օրյա պատերազմում։ Սակայն Ալիևի իրական մոտեցման հակակշիռը տվյալ դեպքում Փաշինյանի ցինիզմն է։

Մեր հերոսները չեն նահատակվել, որպեսզի կորցնենք Արցախը, այլ միանգամայն հակառակը, որպեսզի պահենք Արցախը, ու մենք չենք գտել Հայաստանի Հանրապետությունը, այն կար ու շատ ավելի զորեղ, քան մինչև Նիկոլ Փաշինյանը։ Նրա ապաշնորհության, քաղաքական տգիտության, որոշ դրվագներում էլ դավաճանության արդյունքում մենք կորցրինք Արցախը ու ստացանք մասնատված Հայաստան։

Ալիևի՝ իր զոհերի փառաբանման ֆոնին Փաշինյանի իշխանությունը նույնիսկ մեր նահատակների հիշատակը հավերժացնելու օր չկարողացավ սահմանել։ Ընտրվեց այնպիսի օր՝ հունվարի 27-ը, որը ոչ մի աղերս չունի մեր պատմական էջերի ու փառավոր օրերի հետ։ Ընտրվեց ընդամենը դատարկ մի ամսաթիվ, որի միակ պատճառաբանությունն այն է, որ այն նախորդում է հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան։ Սակայն մեր հերոսների հիշատակը պետք է լիներ ոչ թե սովորական մեռելոց, այլ նրանց հերթական փառաբանման, նրանց սխրանքի առջև հերթական խոնարհման անժխտելի հաստատում։ Այնինչ հունվարի 27-ը չի ասոցացվում ո՛չ Արցախյան առաջին ազատամարտի, ո՛չ ապրիլյան, ո՛չ էլ 44-օրյա պատերազմի հետ։ Այդ օրը չի ասոցացվում նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի հետ, որի ժամանակ ունեցանք ավելի քան 300 հազար զոհ։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անում է նաև այնպիսի ստորություն, որն ապագայում հայերին նույնացնելու է ֆաշիստական Գերմանիայի հետ։ Երբ Ռուսաստանը տոնում է 2-րդ համաշխարհային պատերազմում իր հաղթանակը, նա շեշտադրում է, որ այդ հաղթանակը կերտվել է ոչ թե ներկայիս, այլ ֆաշիստական Գերմանիայի հանդեպ։ Իսկ Ադրբեջանը հաղթել է ներկայիս Հայաստանին, հետևաբար, որպեսզի իր վրայից մաքրի կապիտուլյանտի պիտակը, Նիկոլ Փաշինյանը հռչակում է Հայաստանի չորորդ Հանրապետության հիմնադրման մասին, իսկ Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծումը համարում կոնֆլիկտածին։ Իսկ կոնֆիլկտներով հիմնադրված պետությունը սովորաբար ինքն է պատասխանատու յուրաքանչյուր պատերազմի համար։ Ուստի մոտ ապագայում ՔՊ-ական քարոզչությունը կսկսի գեներացնել այն միտքը, որ Ադրբեջանը հաղթել է ոչ թե այսօրվա, այլ Հայաստանի երրորդ Հանրապետությանը, նույնն է թե Ռուսաստանը հաղթել է ֆաշիստական Գերմանիային։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am