Ալիևը վստահեցնում է, որ «խաղաղության պայմանագիր»-ը չի կնքվի նաև եկող տարի գարնանը. Mediahub

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական ողջ վերնախավը Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» ներկայացնում են որպես խաղաղության հաստատված փաստ, որպես վերջնարդյունք ու ՀՀ քաղաքացիներին ներշնչում, որ մենք արդեն ապրում ենք «խաղաղության դարաշրջանում», որ այլևս 4-րդ Հանրապետությունն իրողություն է, որը ի տարբերություն 3-րդ Հանրապետության, որի հիմքը կոնֆիլկտներն էին, կառուցված է խաղաղության վրա։

Սակայն Ալիևն անմիջապես հերքեց հաստատված «խաղաղության դարաշրջանը», մերժելով հրավերը՝ մասնակցելու  2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովին։

Նշենք, որ օրեր առաջ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահներին։ Թեպետ Միրզոյանը հավելել էր, որ հրավերները դեռևս բանավոր են ու դետալները քննարկելու առիթ դեռ չի եղել, բայց այդ առիթը չի էլ լինի, քանի որ ադրբեջանական կողմն առանց որևէ որևէ քննարկման մերժեց հրավերը հետևյալ պատճառաբանությամբ. «Ադրբեջանը հավատարիմ է իրական գործողությունների սկզբունքին: Առանց ստորագրված համաձայնագրի և գործնական մեխանիզմների գործարկման բարձր մակարդակի այցը կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտի մասին: Մինչև իրավական շրջանակի ստեղծումը և պարտավորությունների իրականացումը, նման քայլերը վաղաժամ կլինեն»։

Այսինքն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ալիևը չի համարում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է։ Ավելին՝ հաշվի առնելով, որ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա 2026 թվականի մայիսին, նա իրատեսական չի համարում նաև այն, որ «խաղաղության պայմանագիրը» հնարավոր է կնքվի մինչ այդ։

Այս պարագայում շատ կարևոր է ոչ թե Ալիևի մերժումը, այլ նրա կողմից խաղաղության մասին Փաշինյանի հայտարարությունների հերքումը ու ակնարկը, որ պայմանագիրը չի կնքվելու նաև գարնանը։

Նախ՝ մերժելով Նիկոլ Փաշինյանին, նա հստակ սահմանում է, որ գործընթացները տեղի են ունենում իր թելադրած օրակարգերով, իսկ ժամանելով Երևան, նա կարող էր առաջնահերթությունը զիջել հրավիրող կողմին։ Երկրորդը՝ դեռևս Փաշինյանը չի կատարել Ալիևի գլխավոր պահանջներից մեկը, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության, խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրվելու։ Հետևաբար գալով Երևան՝ նա ինքն իր ձեռքով օրակարգից կհաներ այդ պահանջը կամ համենայնդեպս կերկրորդեր։ Երրորդը՝ այդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ու Ալիևը չունի որևէ երաշխիք, որ այդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին անպայմանորեն հաջողվելու է վերարտադրվել։ Իսկ իշխանափոխությունը Հայաստանում կարող է փոխել Ալիևը ամբողջ խաղաքարտերը, հետևաբար նա չի ցանկանում «կապել» իր ձեռքերը «խաղաղության պայմանագրով»։ Իհարկե, աշխարհում խաղաղության ոչ մի պայմանագիր 100 տոկոսով չի կանխում պատերազմները, սակայն շատ ավելի հեշտ է դիմել էսկալացիայի առանց որևէ պայմանագրի խախտման, քան հետո փորձել գտնել պայմանագիրը չեղարկելու հիմնավորումներ։

Ուստի Ալիևի հերքումը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն դեռևս չկա, ուղիղ հաստատումն է նրա, որ չի բացառվում նաև էսկալացիան, հատկապես, որ նա, վերջերս դիմելով սեփական հանրությանը, հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի։

Երևան այցելելուց հրաժարվելը քաղաքական դրդապատճառներից բացի, ունի նաև հոգեբանական կողմ։ Բաքուն հրավերը մերժելուն զուգահեռ հավելել է, որ «ապագայում բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունը չի բացառվում», ինչը նշանակում է, որ հարկ եղած դեպքում Փաշինյանն ինքը առաջինը պետք է այցելի Բաքու, ինչպես պարտվածը՝ հաղթողին։ Ալիևը, լինելով արևելյան տիպիկ սուլթան, երբեք չի հրաժարվի հաղթելուց բացի, Նիկոլ Փաշինյանին ստորացնելու մտքից ու կպարտադրի, որպեսզի «բարձր մակարդակի այցելությունների» շրջանակում վերջինս խոնարհվի «բարձր դռանը», այնուհետև պատրաստվի հաղթողին հյուրընկալելուն։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am