Եթե 2021-ին Փաշինյանն ասեր` մոռացեք Արարատ լեռն ու Արցախը, ապա իր գրքի օրինակով կտեսներ «գլխի հակառակ կողմը»՝ ծոծորակը. Mediahub

Նիկոլ Փաշինյանն առավոտյան հանդես է եկել իր հերթական լայվով ու վերնագրել այն, որպես սենսացիոն նորություն։ Նախ՝ արդեն իսկ ծիծաղ է առաջացնում նախաբանը, քանի որ այդ մարդը, դառնալով պետության ղեկավար, այդպես էլ մնաց վերնագրային տրամաբանության շրջանակում։ Նման վերնագրերը հատուկ են լրատվամիջոցներին, բլոգերներին, որոնք ցանկանում են հնարավորինս շատ դիտում ապահովել, բայց երբ երկրի ղեկավարն է իր ուղերձները կառուցում վերնագրերի վրա, արդեն խոսում է տվյալ մարդու նույն սանդղակում մնալու մասին, ինչի վրա էր դեռևս մի 20 տարի առաջ։

Երկրորդ՝ իրականում որևէ սենսացիա գոյություն չուներ, այլ նույն մեղադրանքը Վեհափառի հասցեին, որ նա խախտել է կուսակրոնության ուխտը՝ այսինքն Եկեղեցու կանոնագիրքը։

Խախտել է արդյո՞ք Վեհափառը այդ կանոնագիրքը, թե՝ ոչ, դա եկեղեցու ներքին խնդիրն է, կպատժվի՞ եթե պարզվի իրոք խախտել է, դա էլ արդեն Աստծո որոշումն է։ Սակայն մի բան ակնհայտ է՝ եկեղեցական կանոնագիրքը չի կարող պետության համար ունենալ իրավական հետևանքներ։ Բայց այ իշխող ուժի կողմից նախընտրական խոստումները խախտելը կարող են ոչ միայն տվյալ իշխանությանը զրկել քաղաքական լեգիտիմությունից, այլև պետությանը հասցնել ողբերգության։

Երբ որևէ քաղաքական ուժ հանրությանը ներկայանում է մի ծրագրով, որի արդյունքում նրան հաջողվում է ստանձնել իշխանության ղեկը կամ վերարտադրվել, նշանակում է, որ մարդիկ իրենց ձայնը տվել են հենց այդ ծրագրին։ Դրա չկատարումը ոչ միայն քաղաքական հանցագործություն է, այլև՝ անբարոյականություն։ Եթե 2021 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, որ «զղջացել է, որ ավելի վաղ չի հայտարարել Արցախը՝ Ադրբեջանի մաս լինելու մասին», որ մենք պետք է մոռանանք Արարատ լեռը, որ պետք է ուրանանք Հայոց ցեղասպանությունը, որ պետք է ջնջենք պատմական հիշողությունը, արհամարհենք ազգային արժեքները, որ պետք է օգնենք Թուրքիային «Մեծ Թուրանի» իրականացման գործում, որ պետք է համերգներ կազմակերպենք մեր հերոսների նահատակման օրերին…, ապա ավելի շուտ կտեսներ ծոծորակը, քան վարչապետի աթոռը։ Լիովին կարտացոլեր իր գրած գրքի վերնագիրը՝ «Երկրի հակառակ կողմը», միայն երկրի փոխարեն կլիներ սեփական գլուխը։

Սակայն նա հանրությանը ներկայացավ խոստումներով, որ հետ կբերի կորուստները, Արցախի հարցը լուծում կստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ որպես Արցախի միջազգային ճանաչման ամենաարդյունավետ հարթակը։ Այսինքն հանրությունը նրան վերարտադրվելու հնարավորություն տվեց հավատալով նրա խոստումներին, սակայն կարճ ժամանակ անց տեղի ունեցավ այդ ամենի ճիշտ հակառակը։ Այսօր մենք չունենք Արցախ, կորցրել ենք ՀՀ սուվերեն տարածքները, խարխլված է Հայաստանի հասարակության միասնականությունը, Եկեղեցին կանգնած է հարվածի տակ, ազգային արժեքները՝ մոռացության եզրին։

Հատկանշական է, որ 2021 թվականից միայն 4 տարի անց՝ 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը մոգոնեց ինչ-որ երևակայական «սնուցող մայրերի» ու «նահապետ հայրերի» ու իր արած ոճրագործություններն ամբողջովին բարդեց նրանց ուսերին։ Իբր ինքը առաջ էր գնում կորուստները հետ բերելու վճռականությամբ, բայց այդ մարդիկ դուրս եկան իր առջև ու ասեցին. «Հլը մի րոպե…»՝ փոխելով իր ողջ նախընտրական ծրագրերը։

Իսկ իրականությունն այն է, որ ոչ մի «սնուցող մայրեր» ու «նահապետ հայրեր» գոյություն չունեն, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ 4 տարի չէր լռի այդ մասին։ Նա այդ ամենը մոգոնել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի արդարացնի իր հայրենադավությունն ու ընտրել է այնպիսի կերպարների, որոնք երբեք չեն կարող պատասխանել։

Ուստի, եթե Հայաստանում կա մի մարդ, որը լեգիտիմ չէ, որի որոշումներն արժեք չունեն, որը միջազգային հարթակում խայտառակում է Հայաստանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև սերմանում է պառակտում ու ատելություն, ապա այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Կարեն Կարապետյան

Սկզբնաղբյուրը՝ Mediahub.am