Երևանում Օպել-ով «համբալներին» փոխարինելու են գալու հեծանիվով «առաջադեմները»

Օրերս քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանն առաջինը պետք է հարմար լինի հետիոտների, երկրորդը՝ հեծանվորդների, երրորդը՝ հանրային տրանսպորտի և միայն վերջում՝ մեքենաների համար։ Այս հայտարարությանը կարելի էր և չանդրադառնալ, եթե նա չտեղեկացներ, որ հաջորդ տարի իրականացվելու է ծրագիր, ըստ որի, պետք է լայնացնեն մայթերը, շատացնեն ավտոբուսների ու հեծանվային գծերը։

Այդ ծրագիրը կաթվածահար է անելու ամբողջ Երևանի երթևեկությունը ճիշտ այնպես, ինչպես փոփոխությունների արդյունքում կաթվածահար եղան Երևանի քաղաքապետարանի  փողոցն ու հարակից խաչմերուկները։ Մարդիկ մեքենայով Արարատի մարզից շատ ավելի շուտ են հասնում կրկես, քան կրկեսից «Ձկան խանութ», որը գտնվում է ընդամենը 500 մետր հեռավորության վրա։ Այս փոփոխությունների պատճառը ոչ թե հաշվարկներն են, այլ պրիմիտիվ պոպուլիզմը, հասարակության որոշակի շերտերին դուր գալու ցանկությունը ու նաև տպավորություն ստեղծելը՝ իբր իրենք աշխարհ տեսած մարդիկ են ու անում են այն, ինչ ընդունված է «քաղաքակիրթ երկրներում»։

Սակայն ցանկացած փոփոխություն պետք է համապատասխանի նախ՝ պահանջարկին, այնուհետև տվյալ հասարակության մշակույթին ու սովորություններին։

Երևանի փողոցներն առանց այդ էլ չեն «փայլում» իրենց լայնությամբ, ու հիմա եկեք մտովի պատկերացնենք, թե ի՞նչ կմնա այդ փողոցներից, եթե լայնացվեն մայթերը, ավելացվեն ավտոբուսային գծերը, հավելյալ՝ հեծանվուղիներ։ Արդյունքում մեքենաների համար երթևեկության գոտիներն այն աստիճան կկրճատվեն, որ կաթվածահար կլինի ամբողջ քաղաքը։ Այդ ո՞վ է սահմանում առաջնահերթությունը, ո՞վ է իրավունք տվել քաղաքային իշխանությանը ճնշող մեծամասնության իրավունքները ոտնահարել՝ հանուն փոքրաթիվ հեծանվորդների։ 

Եկեք իրերին նայենք առանց օտարամոլության, թե իբր եվրոպական էս ինչ երկրում էս ինչ նախարարը աշխատանքի է գնում հեծանվով կամ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երթևեկում է ավտոբուսով։ Լավ են անում, բայց նախ՝ դրանք հատուկենտ նկարներ են, երկրորդն էլ դա իրենց իրավունքն է, բայց Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ նախընտրում են օգտվել մեքենայից, իսկ փաստն այն է, որ մեզ մոտ հեծանվային մշակույթն ընդունված չէ, ու հեծանիվը դիտարկվում է ոչ թե որպես փոխադրամիջոց, այլ սոսկ ժամանցի կամ սպորտաձևի տեսակ։ Երևանում չի էլ կարող հեծանիվը որպես այլընտրանք դիտարկվել մեքենային՝ հաշվի առնելով թե’ ռելիեֆը, թե’ կլիմայական պայմանները։

Հին հույն փիլիսոփա ու օրենսդիր Սոլոնն ասում էր. «Միայն այն օրենքներն են արդյունավետ լինում, որոնք համապատասխանում են տվյալ ժողովրդի մշակույթին»։

Տիգրան Ավինյանը թող շրջի փողոցներով ու հաշվի, թե օրվա ընթացքում քանի հեծանվորդ կտեսնի Երևանում, առավելագույնը՝ տասը։ Ստացվում է, որ տասը հոգի պետք է ունենա առավելություն, իսկ հարյուր հազարավորները տանջվեն լրացուցիչ ու արհեստականորեն առաջացած խցանումներում։ Հիմա Տիգրան Ավինյանը կա՛մ ոգեշնչվել է Նիկոլ Փաշինյանից, որը կարծես վերականգնում է իր հեծանվային արշավը ու երևակայում է, որ ողջ ազգը հետևելու է իր օրինակին, կա՛մ ցանկանում է Երևանն ազատել Opel-ով «համբալներից»։

Ինչ վերաբերում է մայթերի լայնացմանը, ապա, ցավոք, Երևանում չկա այնքան բնակչություն՝ ներառյալ մարզերից եկածները և զբոսաշրջիկները, որ մարդիկ մայթերում քայլեն իրար վրայով ու դժգոհեն դրանց նեղությունից։ Երանի իրոք մայթերի լայնացման անհրաժեշտություն առաջանար, բայց կա այն, ինչ կա։ Երևանի մայթերի ներկայիս լայնությունն ամբողջովին համապատասխանում է մարդկանց քանակին։ Տիգրան Ավինյանը շեշտում է, որ մեքենաների քանակը գնալով ավելանում է, բայց շրջանցում է այն փաստը, որ կրճատվում է մարդկանց քանակը, ու նա փորձում է կյանքի կոչել իրականությանը չհամապատասխանող ծրագիր։

Այս ծրագիրը նմանվելու է «Սակուրա» օպերացիային, երբ զրկվեցինք կանաչ ու դալար ծառերից ու փոխարենը ստացանք ինչ-որ անհասկանալի «չոփի» կտորներ, որոնք հայտնի չեն, թե երբ ծառ կդառնան, եթե, իհարկե, դառնան։

Կարեն Կարապետյան