Հրաչյա Սարգսյանի հրաժարականը անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանին
Արդեն ակնհայտ է, որ իշխանական համակարգն այլևս միատար չէ։ Որքան էլ խոսվի իշխանության թևերի տարանջատման մասին, որքան էլ ասվի, որ տեղական ինքնակառավարման մարմինները անկախ են գործադիրից, որքան էլ հղում անեն Մոնտեսքիոյին ու վաղուց մեռած մարդու շնորհիվ գրանտներ շահեն, փաստ է, որ այդ բոլոր տեսությունները Հայաստանում չեն գործում։ Հայաստանում կա պետության գլուխ, որը տիրապետում ու ուղղորդում է բոլոր գործընթացները։ Իսկ երբ նա դադարում է տեղյակ լինել տեղի ունեցող այս կամ այն գործընթացից, ապա այլևս չի տիրապետում իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի իր ասուլիսում բացառում էր Երևանի քաղաքապետի հրաժարականը, սակայն ընդամենը երկու օր հետո Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց հրաժարականի դիմում։
Այստեղից կարելի է անել երկու հետևություն։ Կամ Նիկոլ Փաշինյանը ստում էր, կամ Տիգրան Ավինյանն ավելի զորեղ դուրս եկավ քաղաքապետարանում հյուսվող ինտրիգներում ու ստեղծեց մի վիճակ, որ Հրաչյա Սարգսյանը ստիպված հրաժարական տվեց։ Ստացվում է, որ Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանին բոլոր լրատվամիջոցների առաջ դրեց անհարմար դրության մեջ, երբ հերթական անգամ երկրի վարչապետի խոսքն ու իրականությունը հայտնվեցին տարբեր զուգահեռներում։
Կարծես սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ Նիկոլ Փաշինյանը ստելու որևէ մոտիվացիա չուներ, քանի որ եթե մոտենանք քաղաքական տրամաբանության տեսանկյունից, ապա ի՞նչ է նրան տալու տվյալ պահին Երևանի նոր քաղաքապետը, երբ գործողը հլու հնազանդ ենթարկվում էր իշխանության բոլոր որոշումներին։
Կարելի է ենթադրել, որ Տիգրան Ավինյանին հետաքրքրում են միայն իր քաղաքական ամբիցիաները, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա համար ունի զրոյական նշանակություն, նույնիսկ ավելին՝ որքան ցածր, այնքան լավ։