Ինչո՞ւ է Փաշինյանը արցախցիների զտում իրականացնում Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը կարող էր թողնել անդարդ մի զբոսաշրջիկի տպավորություն, եթե Հայաստանը կանգնած չլիներ հերթական ողբերգության առաջ, որի թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն հենց ինքն է։ Գնալով հաճախակիանում են տեղեկություններն այն մասին, որ արցախցիները լքում են Հայաստանը։
Բացի սոցիալական խնդիրներից, արցախցիները ամեն օր բախվում են ատելության դրսևորումների թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցային տիրույթում։ Նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անում են ադրբեջանցիներն ու Նիկոլ Փաշինյանի երդվյալ ընտրազանգվածը։
Ու այդ ամենը ուղղորդվում է անմիջապես Փաշինյանի կողմից։ «Ուղղորդվել» ասելով չպետք է հասկանալ այն, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է եթերում տառացիորեն արցախցիներին ատելու կոչ աներ։
Ո՛չ, սակայն Արցախի ղեկավարության հասցեին հնչող վիրավորանքները, Արցախի պետական ինստիտուտների դեմ գրոհը, Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին արված մեղադրանքները, Արցախի տոներն անտեսելն ու արհամարհելը, Արցախ բառից իսպառ հրաժարվելը, ժամանակ առ ժամանակ հիշատակելը, որ Հայաստանի գումարները տասնյակ տարիներ ուղղվել են Արցախին ու շեշտադրումը, որ մենք «կորցրինք Արցախը, որ ձեռք բերենք Հայաստանը» հենց այն ազդակն է, որ արցախցիները չեն վայելում ՀՀ իշխանությունների «բարեհաճությունը» ու կարող եք նրանց «հոշոտել», ինչպես ցանկանում եք։
Իսկ ո՞րն է նրանց նկատմամբ այդ ատելության տարածման նպատակը։ Օտտո Բիսմարկը ժամանակին ասում էր. «Չկա մարդ, չկա պրոբլեմ»։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել Արցախի էջը, սակայն նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով, նա չի կարող օրակարգից հանել արցախցիների վերադարձի հարցը։
Այդ հարցը կարող է ինքնաբերաբար դուրս գալ միայն այն դեպքում, երբ այլևս Հայաստանում արցախցի չմնա, կամ մնան այն քանակով, որ այլևս ցանկացած հարցի բարձրացում կորցրած լինի իր նշանակությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։