Գնացեք Աղդամ և հարցրեք՝ ո՞վ էր Ալեն Սիմոնյանը մինչև հեղափոխությունը

«Բարոյակա՞ն մարդ էր արդյոք Պանիկովսկին։ Ո՛չ, Շուրա, նա անբարոյական էր»։ Յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ մահանալու է, այդ թվում Ալեն Սիմոնյանը, սակայն, ի տարբերություն մնացածի, վերջինիս մահախոսականը հավանաբար կհնչի Օստապ Բենդերի բառերով։

Ո՛չ, Ալեն Սիմոնյանը դավաճան չէ, նա երբեք չի հասունանա այն աստիճանի, որպեսզի վերածվի պատմության մեջ իր անունը հավերժացնող դավաճանի։ Այդ «տիտղոսը» պատկանում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Ալենը պարզապես զուրկ է բարոյականությունից։

Նախ ժամանակին Աղդամում զույգ նռները ձեռքը վերցրածը Արցախ բառը չօգտագործելը արդարացնում է իբր ինքը «քաղաքական գործիչ» է, այնուհետև արցախցիներին մեղադրում է չկռվելու մեջ։

Ալենին հարկ է հիշեցնել Ալիևի գովեստի խոսքերը ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ իրենք գնահատում են Հայաստանի կառուցողական մոտեցումն այն օրերին, երբ Բաքուն «հակահաբեկչական գործողություն» անվան տակ լայնամասշտաբ հարձակման դիմեց տևական ժամանակ ամբողջական շրջապատման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ Հայաստանը, որը դեռևս շարունակում էր մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, մատը մատին չխփեց արցախցիներին պաշտպանելու համար։

«ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ և ԼՂ-ում բանակ չունի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու արժանացավ Ալիևի շնորհակալությանը։

«Մեկն էլ լինի Հայաստանի անվտանգությունը երաշխավորի»,- մոտավորապես նույն տեքստն էլ արտաբերում էին տարբեր տրամաչափի ՔՊ-ական երեսփոխանները։

Ազգային ժողովի անվտանգ միջանցքներում, շրջապատված թիկնապահներով, արցախցի աղջկան դեմքի խրոխտ արտահայտությամբ հորդորելը, որ պետք էր մնալ ու կռվել, միևնույն ժամանակ լավ իմանալով, որ ամբողջովին շրջապատված, դրսից որևէ օժանդակություն չստացող, արյունաքամ եղած, սովահար Արցախը, մեն-մենակ մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, հաշված օրերի ընթացքում ենթարկվելու էր ցեղասպանության, ավելի մեղմ, քան անբարոյականություն, հնարավոր չէ բնութագրել։

Կարեն Կարապետյան