Տեղի ունեցավ «ԻՇԽԱՆԸ» խորագրով ներկայացումը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Իշխան Մանուկյանի ծննդյան օրվան
Փետրվարի 19-ին Բոհեմ թատրոնում Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի «Ամադեուս» թատերական երգչախմբի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ երաժշտագետ, դաշնակահար, խմբավար, բեմադրող ռեժիսոր Սիրանուշ Ասլանյանի «ԻՇԽԱՆԸ» խորագրով թատերական ներկայացումը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Իշխան Մանուկյանի ծննդյան օրվան։ «ԻՇԽԱՆԸ» ներկայացման ընթացքում սաները ներկայացրին հերոս Իշխանի կյանքի անցած ուղին, փառքն ու վաստակը հայրենիքի նկատմամբ։

Միջոցառումը սկսվեց Իշխանի ծնունդով, նրա ապրած կյանքի դրվագներով: Իշխանի անունը պատմում է նրա հայրենասեր, անկեղծ ու բարի մարդ լինելու մասին: Նա ծնվել է Երևանում՝ 2002 թ. փետրվարի 19-ին: Ծնողների ավագ որդին էր: Իշխանը միշտ մեջբերում էր կատարում իր և Հովհաննես Թումանյանի ծննդյան ամսաթվի նույնության մասին՝ ասելով. «Հայտնի մարդիկ այդ օրն են ծնվում»: Իշխանն ընկերասեր էր, ազնիվ, հարգալից ու կարեկից իր շրջապատի մարդկանց:

Հայ մարդու բացառիկ տեսակ էր, հետաքրքիր ու յուրօրինայկ կերպար, որդու և զինվորի հիանալի մարմնացում: Նա մեծություն էր իր էությամբ, որի առջև այսօր խոնարհվում է մի ողջ ազգ: Նրա կյանքը հայրենիքի նկատմամբ սերն էր, սխրանքը՝ սիրո ապացույց, իսկ սուրբ նահատակությունը՝ ապագա սերունդներին պատգամ, հայրենիքի նկատմամբ սիրո խտացում:

Միջոցառմանը ներկա էին զոհվածների ծնողներ, ընկերներ, հարազատներ, Իշխանի ծառայակիցներ, ազատամարտիկներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ «ԻՇԽԱՆԸ» նարկայացման տոմսերի հասույթով 18 վիրավոր զինվոր նույն օրը ստացավ գումար: Փառքով պատերազմից հետ եկած Իշխանի 10 ընկերները ներկայացման օրը պարգևատրվեցին «Գթության մայր» և «Տիգրան Մեծ» մեդալներով ու պատվոգրերով, իսկ Սիրանուշ Ասլանյանը՝ «Շառլ Ազնավուր» մեդալով: Պարգևատրումներն իրականացվեցին երկու կազմակերպությունների՝ «ՀՀ Գթության մայր միջազգային միություն» և «Հրադադար մարդկային կորստի ցավ» անդամների կողմից:
