Ի՞նչ են պահանջում ոսկու շուկայի աշխատակիցները․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց
Ոսկու շուկայի աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու առնչությամբ։
«Մեզ հետ ոչ քննարկում է եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ես, որ հունվարի մեկից օրենք են ընդունել, որ պետք է 10 տոկոս հարկ վճարենք 5 տոկոսի փոխարեն»,- այս մասին ասաց Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը բողոքի ակցիայի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Քաղաքացին մանրամասնել է, որ շրջանառության հարկը սահմանեցին 5 տոկոս 1,5 տոկոս փաստաթղթաշրջանառություն ապահովելու դեպքում: Նա ասաց, որ հարց է ուղղել անձամբ Նիկոլ Փաշինյանին, թե հաշվարկ կա՞, թե այդ 50 հազարից քանի՞սն են կարողացել փաստաթղթաշրջանառություն ապահովել և հարկը իջեցնել 1,5 տոկոսի, մանավանդ՝ ոսկու շուկաներում, քանի որ դա շուկա է, խանութ չէ: Քաղաքացու այս հարցին պատասխան չի եղել:
«Հիմա ասում են այդ 1,5 տոկոսը դարձնում ենք 1 տոկոս, լավություն ենք ձեզ անում, բայց քանի հոգի են կարողանալու փաստաթղթաշրջնառություն ապահովել, որ մենք այդ հարկը իջեցնենք 1 տոկոսի: Մենք ոսկու շուկայում գործառույթներ ունենք, որ չենք կարող փաստաթղթավորել: Օրինակ, մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի: Ես ո՞նց եմ դա փաստաթղթավորելու»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ սեղանի վրա առկա ոսկին պետք է գույքագրեն, բայց գույքագրելուց հետո, օրինակ, հարկայինին ցույց է տվել 5 կգ ոսկի, կշռեց, դարձավ՝ 5 կգ 200 գ․, ինքն էլ՝ փաստաթուղթ չունի՝ այդ 200 գ ցույց տալու, տուգանելու են՝ 20 տոկոս կամ 4 կգ 800գ․ եղավ, ասելու են՝ ծախել ես, գումար չես մուծել պետությանը, կամ, եթե հանկարծ գող մտնի, ինչ են անելու, ում են դիմելու, որ փաստաթուղթ ցույց տան, բացի այդ, հնարավոր է՝ հաճախորդը սակարկում է գինը:
Քաղաքացին նշել է, որ բարդացրել են իրենց կյանքը, ոսկին առաջ արժեր 60 դոլար, հիմա՝ 100 դոլար, դոլարն օրական բարձրանում և իջնում է, մարդիկ կան՝ «գոլի գործ» են անում, տանում են՝ «քար գցողի» մոտ, հետո ինչպե՞ս են ապացուցելու ինքնարժեքի փոփոխությունը։ Բացի այդ, շուկայում մարդիկ կան, որոնք ոսկին որպես «լոմ» են վերցնում։