Erablur.am-ում ներկայացված են հայրենիքի համար նահատակված հերոսների անունները, նկարագրված են նրանց սխրանքները
«35 ակնթարթ»․ այս խորագիրն է կրում Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ «Ղարաբաղյան Պրոֆիլ» համաժողովի շրջանակներում։
Կազմակերպիչները արցախյան թեմատիկայով մի շարք այլ կարևոր նախաձեռնություններով հանդես եկան․ կայացան քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի «Նվիրումի վկայություն», Արցախյան շարժման ակունքներում կանգնած գործիչ, 1992-1995 թթ. ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, երջանկահիշատակ Լևոն Մելիք-Շահնազարյանի հեղինակած «Геополитическое пространство Армении» գրքերի շնորհանդեսները։
Ներկայացվեց նաև «Եռաբլուր» վիրտուալ թանգարանը, տեղի ունեցավ Erablur.am կայքի շնորհանդեսը։ Erablur.am-ում ներկայացված են հայրենիքի համար նահատակված հերոսների անունները, նկարագրված են նրանց սխրանքները։
«Erablur.am-ում զետեղված են Հայաստանի և Արցախի Հանրապետության համար իրենց կյանքը զոհած հերոսների մասին տվյալները։ Կայքն իրենից մեծ շտեմարան է ներկայացնում, որտեղ հավաքված, ամփոփված և ներկայացված են տվյալներ բոլոր մեր հերոսների մասին՝ 1988 թվականից սկսած։ Լիահույս եմ, որ նախաձեռնությունը կտա իր պտուղները»,- ասաց հարթակի ստեղծման նախաձեռնողներից քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ տեղեկացնելով, որ այս նախագծի միջոցով, օգտվելով հերոսների մասին առկա տվյալներից, հնարավոր է նաև օգնություն ցուցաբերել նրանց ընտանիքիներին։ Օգնություն ցուցաբերելու ցանկություն ունեցողները կայքում կարող են գտնել շահառուներին։
8 300 հերոսի տվյալ է զետեղված շտեմարանում, ևս 2000 հերոսի մասին տվյալներ կզետեղվեն առաջիկայում։