Արարատ Միրզոյանը հաստատեց, որ կկատարեն Ալիևի պահանջը
Արարատ Միրզոյանն իբր հակադարձելով Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, ասում է՝ Հայաստանն ուզում է ոչ թե պատնեշ, այլ կամուրջ լինել հարևան երկրների միջև։
Այլ խոսքով, սա նշանակում է, որ Հայաստանը կկատարի Ադրբեջանի հերթական պահանջը ու կտրամադրի այդ միջանցքը, սակայն իշխանություններն իրենց բնորոշ մանիպուլյատիվ եղանակով այն կներկայացնեն որպես կամուրջ։
Պարզապես Ադրբեջանում այն կանվանեն «Զանգեզուրի միջանցք», Հայաստանում՝ կամուրջ, սակայն փաստը կմնա փաստ։ Թուրքիայում Միրզոյանին անվանում են Արաբաթ, Հայաստանում՝ Արարատ, դրանից հո ՀՀ ԱԳ նախարարը չփոխվե՞ց։
Սակայն այս անգամ ևս իշխանական մանիպուլյացիան չի համապատասխանի «և՛ գայլերը կուշտ կլինեն, և՛ ոչխարներն ապահով» ասացվածքին, այլ ճիշտ հակառակը՝ գայլերի ախորժակը էլ ավելի կբացվի, իսկ «ոչխարների» ապահովությունն առավել կվտանգվի։ Համեմատությունը գուցե կոպիտ է, սակայն առ այս պահը ՔՊ-ական իշխանությունն առաջնորդվել է հենց այս տրամաբանությամբ, այն է՝ ստորաքարշորեն քծնել թուրքերին, սակայն հոխորտալ ՀՀ քաղաքացիների հասցեին։
Ցավալի է, բայց պետք է փաստենք, որ այդ միջանցքը ոչ միայն «կամուրջ» կհանդիսանա Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, այլ ապագայում մենք ականատես կլինենք այդ «կամուրջով» Սյունիքի աստիճանաբար հայաթափմանը։
Կարեն Կարապետյան