Քաղաքապետարանը պետք է շրջապատվեր «Opel»-ներով․ ժամանակն է՝ ընդդիմությունը քաղաքականությամբ զբաղվի
Որքան էլ Նիկոլ Փաշինյանին համարենք գաղափարազուրկ, հայրենադավ, կապիտուլյանտ, բայց այնուամենայնիվ կա մի շատ կարևոր հանգամանք, որն անտեսել չի կարելի։ Ի տարբերություն ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանը արագ է կարողանում զգալ հասարակության տրամադրությունները, արագ է կարողանում որսալ իրավիճակներն ու ամենակարևորը՝ կարողանում է արագ գործել։
Հենց այդ հանգամանքը նրան հաճախ ու դժբախտաբար առավելություն է տալիս, դժբախտաբար, որովհետև որքան ներքաղաքական կյանքում հաջողում է Նիկոլ Փաշինյանը, այդքան Հայաստանը քայլ առաջ է մոտենում հերթական աղետին, հերթական դիմազրկմանը ու էլի ավելի է խորանում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկման հորձանուտում։
Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, հռետորաբանության, ազգային շահերի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է, սակայն բացակայում է բուն գործողությունն ու շոշափվող հարցերի լայն սպեկտորը։
Հիմնականում տեղավորվելով համազգային հարցերի շրջանակում ու բավարարվելով մեծամասամբ հարզազրույցներով՝ ընդդիմությունը քաղաքական գործունեությունից իրեն տեղափոխում է քաղաքագիտական-վերլուծական տիրույթ։
Ընդդիմությանը չի հաջողվում կայծից հրդեհ առաջացնել ոչ թե այն պատճառով, որ չի կարողանում, այլ պարզապես համապատասխան ջանքեր չեն ներդրվում։
Չպետք է սպասել, որպեսզի հրապարակը լեփ-լեցուն լինի, այնուհետև ծանրումեծ քայլերով բարձրանալ բեմ ու բոլորին գուժել, որ մեր վիճակը ողբերգական է, այլ այդ հրապարակը պետք է հավաքել՝ բախելով յուրաքանչյուր քաղաքացու դուռը, յուրաքանչյուր քաղաքացուց իմանալ իրեն հուզող հարցերը ու սոցիալական յուրաքանչյուր շերտի հետ խոսել հենց իրենց հուզող խնդիրներից, այլ ոչ թե բարձրացնել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են միանգամայն այլ շերտի։ Նա, ով ունի երկու տաբատ, սակայն չունի կոշիկ, չի կարելի ևս մեկ տաբատ առաջարկել, քանի որ այդպիսով այդ մարդու կոշիկի հարցը չի լուծվում, փոխարենն ունենում է երեք տաբատ։ Կոշիկ չունեցողին պետք է առաջարկել կոշիկ, տաբատ չունեցողին՝ տաբատ, հակառակ առաջարկները ժամանակի անիմաստ վատնում է։
Իսկ թե ում ինչ է անհրաժեշտ, ճշտելը այդքան էլ բարդ չէ, քանի որ հաճախ ազդակները գալիս են առանց այդ ազդակների հետևից գնալու, հաճախ էլ իշխանություններն իրենք են «նվերներ» մատուցում, անհրաժեշտ է ընդամենն ընդունել այդ «նվերը»։
Օրինակ՝ օրերս Տիգրան Ավինյանի հայրը գյուղացիներին ու «Opel»-ի վարորդներին անվանեց համբալ։ Ավինյանի հոր ասածները բնավ էլ նյարդերի ազդեցության տակ չէին, եթե նույնիսկ այդպես է, սովորաբար նման իրավիճակներում մարդն անկախ իրենից ասում է այն, ինչ մտածում է։ Այդ միջադեպը պարզորոշ ցույց տվեց տվյալ ընտանիքում տիրող մտածելակերպը քաղաքացիների նկատմամբ։ Այդ ընտանիքն իրենց երևակայում է ազնվականության մարմնացում, կապույտ արյուն ունեցողներ, իսկ սոցիալական ավելի ցածր շերտերում գտնվող մարդիկ պարզապես համբալներ են, պլեբեյներ՝ պատրիկների առջև։
Ու ի՞նչ արեց ընդդիմությունը, ոչինչ, ընդամենը ստատուսներ Ֆեյսբուքում, իրար լայքեր ու քոմենթներ գրել, մի քանի պատասխաններ լրագրողների հարցերին ու հարցը համարեցին փակված։ Ընդդիմությունը գտավ, որ իր պարտքը կատարեց, գնահատականը տվեց, ու եթե իրենց թվում է, որ իրենց ֆեյսբուքյան ստատուսները հասան «համբալներին», ու վաղն ընտրություններում ընդդիմությունը ջախջախիչ ձայներով կհաղթի իշխանությանը, չարաչար սխալվում են, որովհետև նախ՝ այդ նույն ստատուսները գրում ենք բոլորս՝ «համբալներս», երկրորդը՝ իշխանությունն անպայման, ի տարբերություն ընդդիմության, կգործի ու մոռացության կմատնի այս միջադեպը կամ Տիգրան Ավինյանին պաշտոնանկ կանի, ու իրավիճակից հերթական օգտվողը կլինի կրկին նույն Նիկոլ Փաշինյանը։
Այնինչ այս արտահայտության հենց հաջորդ օր ընդդիմությունը պետք է հավաքեր մոտ 200 «Opel»-ի վարորդի ու արդարացիորեն «գրոհեր» քաղաքապետարանը, ինչի ռեզոնանսը բազմապատիկ ավելին կլիներ, քան ինչ-որ հարցազրույցը կամ սոցիալական ցանցի գրառումը։
Բարդ բա՞ն էր 200 «Opel» հավաքելը, իհարկե ո՛չ։ Դրա համար ընդդիմադիր կուսակցություններն ունեն երիտասարդական թևեր, որոնց առաջնահերթությունը պետք է լինի հենց հասարակության մեջ նմանատիպ հարցերով ակտիվություն ու նախաձեռնողականություն հանդես բերելը։
Ընդհանրապես կուսակցությունների երիտասարդական թևերը պետք է ավելի շատ խոսեն ոչ թե սահմանազատում-սահմանագծումից կամ Փաշինյան-Ալիև հարաբերություններից, այլ գեներացնեն սոցիալական խնդիրները, այդ տիրույթում ստանձնեն լոկոմոտիվի դեր, թեկուզ փոքր խմբերով կազմակերպեն տարաբնույթ ակցիաներ, մշտապես վառ պահեն քաղաքացիներին հուզող առկա հարցերը ու դառնան այդ հարցերի բարձրացման առաջնորդները։ Օգտագործելով իրենց ավագ կուսակիցների հռետորաբանությունը՝ երիտասարդությունն իրեն զրկում է ինքնուրույնությունից ու առանձին գաղափարներ գեներացնելու հնարավորությունից։
Ավինյանի հայրը սոսկ ամենաթարմ օրինակն էր, նման հնարավորություններ բազմիցս են լինում, սակայն ոչ մեկը չի օգտագործվում ինչպես հարկն է, իսկ այդպես քաղաքականություն չի լինում, այդպես նպատակին հասնելու ճանապարհ չի լինում։
Հուսանք՝ 2025 թվականին ընդդիմությունը իրոք կդառնա օրակարգեր ձևավորող, թելադրող, հանրության լայն շերտերին առաջնորդող, դռներ ծեծող ու պայքարող, իսկ դրա համար պետք է ընդամենը զբաղվել քաղաքականությամբ։
Կարեն Կարապետյան