Փաշինյանի նպատակը մեկն էր, որպեսզի այսօր Անհաղթ աքլորի նման բացականեր․ «Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախեցավ»
Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է նախկին նախագահներին, շեշտելով, որ իբր իր հետ բանավիճում են «ապահով հեռավորությունից» ու եթե դեմ առ դեմ բանավեճից հրաժարվում են, ապա թող յուրաքանչյուրը գնա իր թոշակին։
Հանգամանքների բերումով երկրի ղեկին հայտնված այս անձը քաղաքականությունը պատկերացնում է որպես բանսարկություն, մանիպուլյացիա, հիմնական թիրախ ունենալով հասարակության լյումպեն մասան։ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այս տվայտանքներն ուղղված են ոչ թե նախկին նախագահներին, այլ հասարակության հենց այն հատվածին, որն ապրում է «խեղճ նիկոլն ինչ անի» տրամաբանության շրջանակներում։
Սակայն նույնիսկ բանսարկության բնագավառում այս անձը չի փայլում մտքի ճկունությամբ, քանի որ քայլերը չափազանց պրիմիտիվ են, չափազանց կանխատեսելի։ Նախքան նախկին նախագահներին բանավեճի հրավիրելը, նա շատ լավ գիտեր, որ ոչ մի ողջամիտ, քաղաքական գրագիտությամբ օժտված ոչ մի մարդ չի ընդունելու այդ հրավերը, որովհետև նախ չի կարելի բանավիճել բանսարկուի, մանիպուլյատորի, հոգեպես անհավասարակշիռ անձի հետ, երկրորդ էլ նույնիսկ մեծ ցանկության դեպքում որևէ բանավեճ չի ստացվի, երբ քաղաքական դիսկուրսի մեջ բանավիճող կողմերից մեկը պարզապես զուրկ է քաղաքական, գաղափարական մտքից, մոտեցումներից ու արժեհամակարգից։
Կրկնում եմ, այս ամենը նախապես իմանալով Փաշինյանն այս կեղծ օրակարգը երկու օր է շրջանառում է միայն նրա համար, որ այսօր «խեղճ նիկոլն ինչ անի» զանգվածի մոտ Անհաղթ աքլորի նման բացականչի․ «Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախեցավ»։
Ինչ վերաբերում է նրա հետ «ապահով հեռավորությունից» բանավիճելուն, ապա Փաշինյանի կարծիքն իր մասին խիստ չափազանցված է։ Նա թյուրիմացաբար իր անձի հանդեպ «ազգակործան պատուհաս», «կապիտուլյանտ», «դավաճան» կամ նման այլ բնութագրումներն ընդունում է որպես բանավեճի էլեմենտներ։
Կարեն Կարապետյան