Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որին թույլատրվել է ամուսնանալ. տեսանյութ
19-րդ դարի երկրորդ կեսի ֆիդայական շարժումը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի փայլուն էջերից է, որը հնարավոր դարձավ այնպիսի ականավոր գործիչների շնորհիվ, ինչպիսիք էին Արաբոն, Աղբյուր Սերոբը, Մեծն Մուրադը, Գևորգ Չաուշը, Անդրանիկը և այլ նվիրյալներ: Օսմանյան կայսրության անիրավ քաղաքականությունը հայության հանդեպ ստիպում էր, որպեսզի առաջ գան անհատներ և շարժումներ, որոնք գնալով անձնազոհության՝ վրիժառության գործողություններով կստիպեն թուրքական իշխանություններին հարգել հայերի կյանքի և սեփականության իրավունքը:
19-րդ դարի կեսերին սկիզբ առած Ֆիդայական շարժման նախատիպ է ընտրվել բալկանյան հայդուկային շարժումն ընդդեմ օսմանների, իսկ գաղափարախոսական գլխավոր առաջամարտիկները հայ գրողներն էին իրենց պատմավեպերով:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Գևորգ Չաուշին սկզբնապես ծնողները ցանկանում էին հոգևորական դարձնել, քանզի նա ծնվել էր Սուրբ Գևորգի տոնի օրը: Այդ պատճառով պատանի Գևորգին ուղարկում են Մշո Առաքելոց վանք՝ ուսանելու: Սակայն, տեղի քահանան, գաղափարապես մեծ ազդեցություն գործելով Գևորգի վրա, հասկանում է, որ նրա մոտ հոգևորականի ճանապարհը չի ստացվելու. պատանի Գևորգի սիրտը լեռներում էր, ուշքնումիտքը՝ չարչարված հայ ժողովրդի ազատագրությունը: Մինչև հայդուկապետ դառնալը Գևորգ Չաուշը անդամակցել է Արաբոյի, Աղբյուր Սերոբի և Անդրանիկի ֆիդայական ջոկատներին, մեծ հեղինակություն ձեռք բերել Սասունի ապստամբության, Տալվորիկի ինքնապաշտպանության մարտերի և Առաքելոց վանքի կռվի շրջանում: Լինելով դաշնակցական՝ Գևորգ Չաուշը սերտորեն համագործակցել է Հնչակյան կուսակցության այնպիսի ականավոր գործիչների հետ, ինչպիսիք են Մեծն Մուրադն ու Միհրան Տամատյանը: Կուսակցականությունը թե Գևորգ Չաուշի, և թե ազատագրական պայքարի պլեադայի մյուս ներկայացուցիչների համար Արևմտյան Հայաստանն ազատագրելու միջոց էր դիտարկվում:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ Գևորգ Չաուշի և Անդրանիկ Օզանյանի աստղը փայլեց այն ժամանակից սկսած, երբ նրանք լուծեցին Աղբյուր Սերոբի սպանության վրեժը: Իսկ ահա գլխավոր հայդուկապետի դիրքը Գևորգ Չաուշը ինքնակամ զիջեց Անդրանիկին՝ կենտրոնանալով Մուշ-Սասունի ազատագրական պայքարը ղեկավարելու գործընթացի վրա: Գևորգ Չաուշը միակ հայ ֆիդային էր, որի բարձր հեղինակությունը հաշվի առնելով՝ արվեց բացառություն. հայդուկային շարժման օրենքներին հակառակ Գևորգ Չաուշին ընտանիք կազմելու իրավունք շնորհվեց:
Ականավոր հայդուկապետ Գևորգ Չաուշի հերոսական գործունեության և 19-րդ դարի երկրորդ կեսի ֆիդայական շարժման պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.