Հայաստանի ռազմական բյուջեն ավելանում է 110 միլիարդ դրամով
2025 թվականի համար սահմանված բյուջեի նախագծով կառավարությունը որոշել է ՊՆ-ին հատկացնել շուրջ 664.7 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2025 թվականի բյուջեի նախագծում ամենաշոշափելի ավելացումները ծրագրվել են Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ 2025 թվականին նախատեսվում է ՊՆ-ին հատկացնել 664.7 միլիարդ դրամ, որը 110 միլիարդ դրամով ավելին է 2024 թվականի բյուջեից։
Միաժամանակ շարունակվելու են Զինված ուժերի պահպանման, բանակի տեխնիկական համալրման ու բանակի մարտունակության պահանջների համար նախատեսված ծախսերը»,- նշեց նա։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմական բյուջեն թույլ կտա նաև հայ զինվորականներին վերապատրաստում անցնել արտասահմանյան ուսումնական հաստատություններում։