Երիտասարդությունն անկասելի ուժ է, ում աչքերում պիտի պայքարի կրակ լինի և այսօր արդեն տեսնում ենք այն․ Արամ Ղուկասյան
YerevanLive-ը զրուցակիցն է հասարակական գործիչ, երիտասարդության պայքարի առաջին շարքերում կանգնած Արամ Ղուկասյանը։
– Արամ, բարև Ձեզ։ Դուք բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում երիտասարդության շրջանում, մայիսի 8-ին էլ այցելել էինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցիք մեր նահատակված հերոսներին և ծաղիկներ խոնարհեցիք նրանց շիրիմներին։ Արդեն երկրորդ օրն է, ինչ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Երևանում է, երեկ էլ տեղի ունեցավ առաջին համազգային հանրահավաքը։ Անձամբ դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս շարժումից, ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը։
Բարև ձեզ, շնորհակալություն հարցի համար։ Այսօր ամեն ինչ ավելի իրատեսական է, քան երբևէ, հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ մեր գիտակից հասարակությունը ոտքի է կանգնում` վերականգնելու համար իր արժանապատվությունը, նոր պատմություն կերտելու ձգտմամբ, և այդ ամենի համար կա միայն մեկ հանգուցալուծման ճանապարհ` այն է հեռացնել պարտված իշխանություններին, ձևավորել նոր իշխանություն։
– Ըստ ձեզ հատկապես այս օրերին ի՞նչ դերակատարություն ունի երիտասարդությունը, կամ ի՞նչ դերակատարություն պետք է ստանձնի, որպեսզի լավագույնս օգտակար լինի սկիզբ առած շարժմանը, որի մասնակիցն եք նաև դուք։
Նախ և առաջ երիտասարդությունը պիտի գիտակցի, որ այս պայքարը առաջին հերթին իրեն ժառանգվող պետության պահպանման համար է և այն ամենն ինչ տեղի է ունենում այսօր` արվում է այս և գալիք սերունդների անվտանգության համար: Երիտասարդությունը անկասելի ուժ է, ում աչքերում պիտի պայքարի կրակ լինի և այսօր առավոտից արդեն մենք հետևում ենք այդ ամենին։
– Բոլոր ժամանակներում երիտասարդությունը եղել է տարբեր հասարակությունների շարժիչ ուժը ու շատ դեպքերում հեղափոխությունները սկիզբ են առել հենց երիտասարդությունից։ Սակայն Հայաստանում կարծես երիտասարդությունը այնքան էլ հանդես չի գալիս նախաձեռնությամբ, կարծես գաղափարներ առանձնապես չի գեներացնում ու տպավորություն է, որ շատ դեպքերում ցանկություն չկա առաջնորդող լինելու և առավել հաճախ պարզապես մասնակից են դառնում ավագների կողմից իրականացվող գործընթացներին։ Դուք նկատո՞ւմ եք նման միտում և եթե այո, ապա ըստ ձեզ ո՞րն է երիտասարդության կողմից նախաձեռնությունը զիջելու պատճառը։ Բայց եթե կարծում եք ես ճիշտ չեմ իմ դիտարկումներում, ապա ուղղեք ինձ, մատնանշեք երիտասարդության նախաձեռնությունը և ես սիրով կնդունեմ, որ սխալվել էի իմ կարծիքում։
Տեսեք, այսօր մենք ապրում ենք այնպիսի «ժողովրդավար» իրականությունում, երբ իշխանությունը պետական բոլոր հնարավոր լծակներով ստեղծում է վախի մթնոլորտ, և ամեն կերպ սպառնում է բոլոր նրանց, ովքեր խոսում են ճշմարտության մասին։ Այսօր մենք ունենք մի շարք քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդման մեջ գտնվողներ, ովքեր վառ ապացույցն են, թե ինչպիսի քաղաքականություն է վարում այս իշխանությունը և ինչ մթնոլորտ է տիրում հասարակության շարքերում, սակայն այսօր արդեն այնպիսի իրավիճակ է երբ վախի մթնոլորտը այլևս ի զորու չէ լռեցնել երիտասարդներին։
– Եվ վերջում ի՞նչ խորհուրդ կտայիք մեր երիտասարդներին։
Իմ խորհուրդն ու հորդորն է երիտասարդներին` չվախենալ հնչեցվող սպառնալիքներից և պայքարել իրենց հայրենիքի համար։