Եթե ընդդիմությունը պատրաստվում է հայրենի հողերը փրկել հանձնումից հետո, թող սկսի Կարսից
Ըստ լրատվամիջոցներով շրջանառվող որոշ տեղեկությունների՝ մոտ օրերս ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ցույցերի, ու ասում են՝ լինելու է զանգվածային։ Շատ ողջունելի է բնականաբար, որ ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ հիշում է իր բուն պարտականության մասին, ինչի համար ստացել էր խորհրդարան գնալու մանդատը, ու բազմապատիկ անգամ ողջունելի է, երբ փորձում են փրկել հայրենի հողերը, սակայն այդ հողերը պետք է փրկել ոչ թե հանձնումից, սահմանազատումից, ականազերծումից ու ադրբեջանցի սահմանապահների այնտեղ տեղակայվելուց հետո, այլ մինչ այդ, որովհետև գործընթացի ավարտից հետո գործողությունների անցնելը նմանվում է մահացողի ականջի տակ սոսկ գոռալուն ու հոգեդարձ անելուն։ Եթե ընդդիմությունը պատրաստվում է փրկել այն, ինչն արդեն հանձնվել է, կարելի է սկսել Կարսից ու առհասարակ Արևմտյան Հայաստանից։
Տավուշում ու մասնավորապես Կիրանցում պայքարի բեռը կրում էին միայն Բագրատ Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ու մատների վրա հաշված հասարակական-քաղաքական գործիչներ, ներառյալ հիմնականում տեղի բնակչությունը։ Եթե չհաշվենք ժամանակ առ ժամանակ «հյուրախաղերով» Տավուշ մեկնող ու Սրբազանի հետ սելֆի անող առանձին գործիչների, ի՞նչ էր անում այս օրերին ընդդիմությունը Տավուշում իրավիճակը փրկելու համար, գրեթե ոչինչ։
Ընդդիմությունն ու Հայաստանը, մասնավորապես Տավուշի մարզը գտնվում էին տարբեր իրականություններում։ Տավուշը պայքարի մեջ էր, խորհրդարանում քաղաքական գործընթացը շարունակվում էր իր հունով։ Չհաշված փոքրաթիվ առանձին պատգամավորների՝ մեծամասնությունը հանուն հայրենիքի պայքարը սահմափակել էր ընդամենը ելույթ ունենալով ու լրագրողներին ճեպազրույց տալով։
Շատերը ժամանակին հանգամանքների բերումով հայտնվելով քաղաքական վերնախավում՝ այդպես էլ քաղաքական գործիչ չդարձան։ Երբ ասում եք, որ հարցերի լուծումը Երևանում է, պետք չէ ակնկալել, որ դիմացինը ապշահար կնայի ձեզ, որպես քաղաքական բացառիկ միտք արտաբերող անհատի։ Յուրաքանչյուր մարդ, որն օժտված է բանականությամբ, շատ լավ հասկանում է, որ հարցերի վերջնական հանգուցալուծումը, ինչպես նաև որոշումների կայացումը Երևանում է տեղի ունենում։ Հետևաբար շատ ավելի գերադասելի կլիներ պարզապես հայտարարել (կամ չհայտարարել, որովհետև ինչպես ժամանակին նկատել է մի խելոք մարդ, ոչ մի քաղաքական գործիչ այնքան ճանաչված ու պահանջված չէ, ինչքան իրեն է թվում) քաղաքականությունից դուրս գալու մասին, քան նման պրիմիտիվ բաներ ասել ու նստել ձեռքերը ծալած։
Իհարկե, հարցերը Երևանում են լուծվում, սակայն կամ ընդդիմությունը պետք է ողջ խմբակցությունով մեկներ Տավուշ (կյանքը ցույց է տվել, որ նրանց ներկայությունն ԱԺ-ում որևէ իմաստ չունի) ու պրոցեսների մեկնարկն այնտեղից սկսելով՝ հասներ Երևան, կամ Տավուշում ընթացող պայքարին զուգահեռ, հասարակությանը կոնսոլիդացներ ու ոտքի հաներ Երևանում, սակայն պայքարը կրկնում եմ պետք է լիներ զուգահեռ, այլ ոչ գործընթացի ավարտից հետո, քանի որ նման դեպքում, նույնիսկ քաղաքական հաղթանակի պարագայում, կպատժվի միայն Նիկոլը, բայց չի փրկվի հայրենիքը։
Հերթական անգամ ուզում եմ շեշտել․ կամ ընդդիմությունը պետք է սթափվի ու խորհրդարանի պատերից դուրս գա փողոց ու փողոցում պայքարի առավոտից իրիկուն, կա՛մ այս անգործությունը լինելու է նրա ավարտը։ Հաջորդ խորհրդարանում ներկայիս ընդդիմությունը կամ առհասարակ չի լինի, կամ կունենա առավելագույնը 5 պատգամավոր, ու էլ ավելի կատաստրոֆա կլինի, որ հաջորդ ընդդիմությունը կձևավորվի Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչի ծիլերն այսօր արդեն նկատվում են։ Պետք չէ վստահել այն անձանց ու ուժերին, որոնք անցյալ տարի Նիկոլի ջերմ աջակիցներն էին, այսօր՝ քննադատները։ Դրանք հենց ապագա խորհրդարանի ապագա ընդդիմության նշմարվող ծիլերն են։
Եվ մի խորհուրդ ընդդիմությանը։ Իհարկե աշխարհաքաղաքական կենտրոնները, մասնավորապես Արևմուտքն ու Ռուսաստանը շատ կարևոր են, սակայն վերջնաարդյունք չեն։ Որոշիչը ժողովուրդն է, Հայաստանի ընտրողը։ Կկարողանա՞ք ոտքի հանել ժողովրդին, կկարողանա՞ք ստանալ ընտրողների մեծամասնության ձայները, այդ կենտրոնները հաշվի կնստեն ժողովրդի կայացրած որոշման հետ՝ անկախ նրանից դա ամբողջովին իրենց սրտով է, թե՝ չէ։ Այնպես որ, այդ կենտրոնների կարծիքը լսելը պարտադիր է, բայց հաշվի առնելը՝ ոչ։
Կարեն Կարապետյան