Նոր էի ընդունվել աշխատանքի։ Մեր խմբագրության հարակից բակում մի տուն կար, որն ընդհանուր բակից առանձնացված էր իր սեփական բակով։ Այդ տան բակում ապրում էին մի շուն, մի կատու ու մի բադ։

Քանի որ խմբագրությունում չենք ծխում, ես օրը մի քսան անգամ դուրս էի գալիս բակ ծխելու ու ծխելուս ընթացքում միակ զբաղմունքս այդ բադին նայելն էր։ Ու միայն ես չէի, որ ուշադրություն էի դարձնում բադին։ Նա նաև հարակից շենքի բոլոր երեխաների ամենահաճելի զբաղմունքն էր։ Երեխաներն ուրախանում էին ու շատ հաճախ այդ երեխաների ծնողները միշտ ինչ որ ուտելիք էին բերում բադին կերակրելու համար։
Բադն էլ իր համար ապրում էր, թեպետ խեղճը դատապարտված էր ծնված օրվանից։

Նույնիսկ անփորձ հայացքով կարելի էր նկատել, որ նրա թևերը կոտրված են, որպեսզի չթռնի։ Բայց դե ոչինչ։ Մենք՝ մարդիկս նույնպես չենք կարողանում թռնել, բայց ապրում ենք։ Այնպես որ բադը նույնպես կարող էր ապրել առանց թռնելու, անկախ նրանից, որ թռչուն է։ Պինգվիննել է համարվում թռչուն, բայց առ այսօր որևէ մեկը նրան թռնելուց չի տեսել, հավը նույնպես։

Մի խոսքով այդ բադն ուներ իր ճակատագիրը, նա չպետք է թռներ։ Ու թող չթռներ, առավել ևս, որ թռնելու տեղ առանձնապես չկա էլ։

Ի սկզբանե կյանքն այնպես էր պլանավորված, որ մեկը պետք է քայլի, մեկը թռնի, մյուսն էլ սողա։ Բայց մարդիկ, որոնք պետք է միայն քայլեին, կարծես չհամաձայնելով բաժանման ենթադրյալ արդարության հետ, փորձեցին սահմանել սեփական արդարությունը։ Քայլելուն զուգահեռ սկսեցին թռնել, իսկ առավել անողնաշավորները սկսեցին նույնիսկ սողալ վայիս լինելով սողունների ու հենց նույն անողնաշավորների հացին, ասել կուզե առանձնահատկությանը։

Մի խոսքով, քանի որ մարդիկ քայլելուն զուգահեռ սովորել էին նաև թռնել ու նույնիսկ սողալ, որոշեցին, որ սույն բադը չպետք է թռնի։ Բայց քանի որ բադը մարդ չէ, որպեսզի յուրացնի սողունների առանձնահատկությունն ու թռնելու փոխարեն սողա, նմանակեց իր դահիճներին ու բավարարվեց միայն քայլելով։

Բադը քայլում էր ու դարձել էր մեր բարեկամը։ Նա մեր բարեկան բադն էր։ Մարդկային ձեռքով խեղանդամված, մեր ձեռքով հաշմված բադը ավելին էր, քան բարեկամը։ Նա մեր եղբայրն էր, մեր ցեղակիցը, քանի որ քայլում էր մեզ պես։ Սակայն մի փոքր ցածր էր մեզանից, գուցեև բարձր, որովհետև այդպես էլ սողալ չսովորեց։

Ու մենք որոշեցինք նրա հետ վարվել այնպես, ինչպես սովորաբար վարվում ենք մեր ցեղակիցների հետ։ Բադին առանց այլևայլության մորթեցինք ու մորթեցինք ժպիտները դեմքներիս, սրտի խորքում ափսոսալով ու զղջալով, բայց և այնպես մորթեցինք։

Դե հա, զղջացինք։ Այդ ո՞ր մարդասպանը չի զղջում։ Այդ ո՞ր մարդասպանը ժամանակ առ ժամանակ չի հիշում իր զոհերին։ Մենք էլ հենց այդպես հիշում ենք այդ բադին, թեպետ վաղուց ենք կերել ու հասցրել մարսել, բայց ամեն դեպքում հիշում ենք։ Խեղճ բադ։

Բայց ամեն ինչ հերթով։

Ես դեռ չգիտեի, որ այդ բադը դեռևս դեգերում է ոմանց ստամոքներում ու աղիքներում, երբ աղջիկս եկավ հորը, այսինքն ինձ, աշխատավայրում տեսության։ Ես էլ ինձանից գոհ, երեխային առաջարկեցի իջնել բակ ու նայել բադին։ Երբ դուրս եկանք բակ ու մոտեցանք բադի բնակավայրին, նա այլևս չկար։ Բնականաբար երեխան դեռևս չհասցնելով յուրացրած լինել մարդկային ողջ արյունարբությունը չկռահեց ուր է թևերը կոտրած թռչունը, բայց ես՝ արդեն լիովին ապականված ու արյան հոտից բթացած, միանգամից պատկերացրեցի ինչպես է բադը ներկա պահին ոմանց բերանից իջնում ստամոքս, ստամոքսից աղիներ, աղիներից․․․

Հաջորդ օրը հանդիպեցի տանտիրոջն ու կարծես իմիջայլոց հարցրեցի ի՞նչ եղավ բադը։ Տանտերը ցույց տալով իր 32 առողջ ատամները, ազդարարեց, որ բադին կերանք։

Բայց եկեք արդարը հատուցենք մարդկային խղճին։ Տանտերը խղճով մարդ էր։ Ասեց, որ մի օրականից պահել է այդ բադին, հետևաբար ձեռքը չգնաց մորթելու ու տվեց, որ ընկերը մորթի։ Իրոք խղճով մարդ է։ Կան չէ՞ անասուններ, որոնք հենց իրենք կմորթեին, բայց նա տվեց, որ ընկերը մորթի։ Իրոք մարդկային խիղճը արժանի է հարգանքի։ Մարդկային խղճի առջև կարելի է խոնարհվել։ Ընկերն է մորթել։ Ինքն այդ բադին պահում էր մեկ օրականից ու միայն կատարյալ մոլագարը կարող էր իր ձեռքով մորթել իր իսկ սնուցած կենդանուն։ Բայց ընկերն ուրիշ է։

Գուցե մորթելուց նա աչքերը թեքել է մի կողմ, իսկ դե ուտելուց երևակայել է, որ խանութից գնած հավ են ուտում։ Դա լիովին նորմալ է։ Կա՞ արդյոք մեկը, ով խղճի խայթ կզգա խանութից գնված ու վաղուց սառեցված հավ ուտելիս, բնականաբար ոչ։

Բայց դա դեռ բոլորը չէ։ Տանտերը կատարյալ առողջ ժպիտով հայտարարեց, որ իրականում չէր ուզի այդ բադին մորթել, բայց քանի որ առջևում ձմեռ է, ուստի վախենալով, որ գուցե բադը ցրտից սատկի, այդ իսկ պատճառով և բացառապես միայն ու միմիայն հումանիստական նկրտումներով որոշեցին ուտել։ Իրոք արդարացի ու հարգանքի արժանի որոշում է։ Միայն կատարյալ խղճի տեր ու հազվագյուտ մարդը կարող է նման զոհողության գնալ։ Իսկ ուտելու նկատակ հավանաբար չեն ունեցել։ Խեղճ մարդկանց մոտ այդ միտքն արթնացել է միայն մորթելուց հետո ու զուտ էկոլոգիական նկատառումներով։ Քանի որ չգիտեն հանգուցյալ բադի դին ու՞ր կարող են նետել, որպեսզի չապականի շրջակա միջավայրը, որոշեցին․․․ուտել։

Վերահաս ձմեռն ու ցուրտն էին սոսկ պատճատը, ուրիշ ոչինչ։

Կարեն Կարապետյան