Բժիշկ, արվեստասեր ու ՄԱՐԴ Արմեն Բլբուլյանը

Ցանկացած մարդու համար վիրահատությունն ուղեկցվում է վախով, անհանգստությամբ ու անորոշությամբ։ Յուրաքանչյուր մարդ վիրահատությունից առաջ, գուցե որոշակի չափազանցված, բայց, այուամենայնիվ, իրեն զգում է կյանքի ու մահվան եզրագծին, ինչը շատ բնական ու նորմալ զգացողություն է։ Հայտնի խոսք կա՝ վախ չունեն միայն խելագարները։

Եվ հենց այստեղ շատ կարևոր են վիրահատող բժշկի ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային որակները։ Լավ մասնագետ կարող են դառնալ ուսման արդյունքում, բայց լավ մարդ սովորաբար ծնվում են, ու պարզապես անգնահատելի է երբ այդ երկու որակները մեկտեղվում են մեկ անձում։

Վիրահատությունից առաջ մարդուն պատում են բնական մտորումներ, ինչպե՞ս է տրամադրվելու վիրահատությանը, ինչպե՞ս կանցնի այն, ի՞նչ կփոխվի վիրահատությունից հետո, եթե առհասարակ այդ հետոն լինի։ Տրամադրությունների դրական փոփոխման ուղեկիցը ոչ թե սոսկ մանստագետն է, այլ ՄԱՐԴ Մասնագետը։

Նման ՄԱՐԴ մասնագետ է բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Բլբուլյանը, որը ոչ միայն լավ վիրաբույժ է, այլև մարդ, որն ունակ է զգալ հիվանդի անհանգստությունները, ցրել վախն ու անորոշությունը, հոգատար լինել հիվանդի հանդեպ թե՛ նախավիրահատական, թե՛ հետվիրահատական ժամանակահատվածում։ Նրա կատակները, խորհուրդները, հոգատարությունն անգնահատելի դեր են խաղացում հիվանդանոց մուտք գործելու առաջին օրից մինչև դուրս գրվելը։

Երախտիքի խոսքերն ուղղված վաստակաշատ բժշկին գրում ենք հատկապես այսօր՝ մայրության տոնի առթիվ, քանի որ նրա մասնագիտական ունակության շնորհիվ բաղմաթիվ կանայք այժմ իրենց ընտանիքի հետ են՝ լիովին առողջ, ու կարողանում են առանց հիվանդության ստվերի վայելել երեխաների բերկրանքը։

Հ․ Գ․ Հաճելիորեն զարմացանք, երբ պարզվեց, որ նա նաև լավ դաշնամուր է նվագում։ Ահա այսպիսի մարդ է բժիշկ, արվեստասեր ու ՄԱՐԴ Արմեն Բլբուլյանը։