Ցանկացած մարդ վաղը պետք է հնձի այն, ինչ ցանում է այսօր

Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո բոլոր այն ոստիկանները, որոնք մարդկանց այլակարծության համար ձերբակալելուց աչքի են ընկել անասնական վարքով, բոլոր այն դատավորները, որոնք ընդդիմադիրների հանդեպ կայացրել են կալանքի վճիռներ, պետք է հեռացվեն համակարգից՝ զրկվելով երբևէ վերանականգնվելու իրավունքից։ ՔՊ-ական բոլոր պատգամավորներն ու նախարարները պետք է ընդմիշտ զրկվեն պետական համակարգում հետագայում տեղ ունենալու հնարավորությունից։Բոլոր դեսպանները, որոնք տվյալ երկրներում հանդիսացել են Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության խոսափողը (ՀՀ դեսպան գոյություն չունի, դա միայն պաշտոնի անվանումն է, իրականում նրանք տվյալ իշխանության քաղաքականության ներկայացնողներն են), պետք է ընդմիշտ հրաժեշտ տան դիվանագիտությանը։

Արհեստավարժություն, հմուտ մասնագետ, լավ տնտեսագետ, լավ իրավաբան, լավ դիվանագետ․․․ բոլորը դատարկ արտահայտություններ են և չեն կարող արդարացում հանդիսանալ հետագայում, երբ նրանք այսօր օգնում են Նիկոլ Փաշինյանին հայրենիքը հանձնելուն, լռեցնում են այլակարծությունը, կալանքը վերածում են Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական գլխավոր օրակարգի։

Սա քաղաքական դասական պայքար չէ, երբ մի իշխանությանը պարզապես փոխարինում է մյուսը, և լավ մասնագետները պետք է շարունակեն իրենց ծառայությունը հանուն պետության։Սա եզրագիծ է, որից այն կողմ գտնվողները պետք է պատասխանատվություն կրեն Նիկոլ Փաշինյանի դավաճանութան համար։

Չպետք է գործի նաև սխալվելու ու զղջման կանխավարկածը, քանի որ առաջին դեպքում սխավելու գործոն չկա, հայրենիքը հանձնվում է կանխամտածված ու հստակ մշակված սցենարով, ինչ վերաբերում է զղջալուն, ապա զղջալ պետք է այսօր, հենց հիմա, հակառակ դեպքում Հայաստանը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող անդեմ միավորի վերածելուց հետո զղջման խոսքերը կնմանվեն Հուդայի համբույրին։

Սա այն դեպքն է, երբ միայն քաղաքական գնահատականը բավարար չէ։ Ի դեպ, քաղաքական գնահատական տալը տեղավորվում է դասական քաղաքական պայքարի շրջանակներում, երբ նոր իշխանությունները գնահատում են նախորդների գործունեությունը։ Այն կարող է լինել կոշտ, կարող է լինել մեղմ՝ կախված երկու տարբեր վարչակարգերի տարաձայնություններից։

Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սա ջրբաժան է, որից այս կողմի գտնվողները ցանկանում են ապագայում ապրել արժանապատիվ ու ուժեղ պետությունում, այն կողմ գտվողները փորձում են խորտակել ապագայում ոտքի կանգնելու հնարավորությունները, հետևաբար պետք է բացի գնահատականից, գործի նաև պատասխանատվություն կրելու մեխանիզմը։

Կարեն Կարապետյան