Ոչ մի տարբերություն, ադրբեջանցի մարդասպանին ազատ կարձակեր Ռուսաստանը, թե Փաշինյանը, ընդամենը թղթաբանությունն էր ավելանալու
Օրերս Հռոմի ստատուտին միանալու և Հայաստան այցելելու դեպքում Պուտինի հնարավոր ձերբակալության վերաբերյալ Փաշինյանի տխմար հայտարարության պատասխանը Ռուսաստանի կողմից չուշացավ։
Իհարկե, մեզ համար ողբերգական ավարտով, բայց իրականում խիստ զվարճալի տեսարան կլիներ, թե ինչպես է, օրինակ, Աննա Վարդապետյանը փորձում ձերբակալել Պուտինին։ Խնդիրը, սակայն, այդ ֆանտաստիկայի ժանրի տեսարանը չէ, այլ այն, թե ինչպես վարչապետի աթոռին բազմած թերուսի պատճառով հերթական անգամ Հայաստանը ստորացավ՝ ստանալով խայտառակ ապտակ։
Առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալեցին Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի բլոգեր, ֆիտնեսի մարզիչ Քյամիլ Զեյնալին, որը 2020 թվականին գլխատել էր հայի ու այդ տեսանյութը դրել սոցցանցի իր էջում, այնուհետև կոչ արել հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլուր, մի քանի ժամ անց Ադրբեջանի կառավարության միջամտությամբ ազատ արձակեցին։
Այսինքն՝ Ռուսաստանը, որը գոնե դեռևս պաշտոնապես համարվում է մեր ռազմավարական դաշնակիցը, բացահայտ ստորացրեց Հայաստանի կառավարությանը։
Իհարկե, որևէ տարբերություն չկար, այդ մարդասպանին ազատ կարձակեր Ռուսաստանը, թե Փաշինյանը, պարզապես վիրավորական է, երբ երկրիդ իշխանությունները փալաս են ու անողնաշար, որովհետև միջպետական հարաբերություններում չեն լինում մանրուքներ, ցանկացած մանրուք, ցանկացած առաջին հայացքից պետական առումով ոչ կարևոր քայլ կամ ժեստ, ամբողջական վերաբերմունքի ու գնահատականի մասնիկներն են տվյալ պետության կշռի վերաբերյալ։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ միջազգային հարաբերություններում պետությունները լինում են կամ բանակցային սեղանին, կամ ճաշացանկում։ Ցավոք, քանի դեռ իշխանության է ներկայիս անհայրենիք խմբակը, մենք լինելու ենք ճաշացանկում, ու օրհասական խնդիր է սրանցից ազատվելը, քանի դեռ լիովին չենք կլանվել այլոց կողմից։
Կարեն Կարապետյան