Սովորաբար կանանց հայհոյում են նրանք, ովքեր մանկության տարիներին հաճախ են հայհոյանք լսել տանը
Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-րդ ամյակը։ Թեպետ ներկայիս ողբերգական իրավիճակին, այնուամենայնիվ, բացի ՀՀ իշխանություններից, որոնց համար Արցախը փաստացի բեռ էր, մենք այն որպես տոն պետք է ընկալենք ու ունենանք հավատ, որ 36 տարի առաջ հիմք դրված շարժումը, որը ազգային զարթոնքի ու Արցախի ազատագրման սկիզբն էր, կրկին կվերածնվի ու նորից կունենանք ազատագրված Արցախ։
Թվում է, թե այսօրը ոչինչ չպետք է մթագներ, բոլորս միմյանց միայն հույս ու հավատ պետք է ներշնչեինք, եթե չլինեին որոշ բթամիտներ, որոնք մեղրով լի տարայի մեջ ընկած ճանճի պես, իրենք իրենցից ոչինչ չներկայացնելով, ապականում են այդ մեղրը։
Տվյալ դեպքում այդ ապականողը այս անանուն արարածն է, որն իրեն թույլ է տալիս հայհոյել 24News-ի լրագրողին ու օպերատորին, ընդ որում այն լրատվամիջոցի ներկայացուցիչներին, որը եկել է լուսաբանելու իրենց այցը Եռաբլուր, որպեսզի հանրությանը ցույց տա, որ Արցախի նախագահը, որը լռության ուխտ է արել, որը ոչ նալին է խփում, ոչ մեխին, որը նույնիսկ վախենում է բարձրաձայնել, թե իվերջո ո՞վ է Արցախը հանձնողը, ո՞վ է 44-օրա պատերազմը տանուլ տվածը, ո՞վ է հայ ժողովրդին ու Արցախը նվիրաբերում թուրք-ադրբեջանական տանդեմին, կա, գոյություն ունի։
Բնականաբար նկարում պատկերված անձը ոչինչ է, նա թիկնապահ էլ չէ, քանի որ իրական թիկնապահները կրթված, իրենց գործին նվիրված սպաներ են, իսկ ինքն ընդամենն ախռաննիկ է, որի ուղեղի ծալքերը հերիքում են միայն իրենց գործն անող մարդկանց հայհոյելու համար, էլ չասած, որ լրագրողը կին է, այն էլ Եռաբլուրում, որտեղ մարդիկ խոսում են միայն շշուկով։ Սովորաբար կանանց հայհոյում է նա, ով մանկության տարիներին բավականին հաճախ է հայհոյանքներ լսել տանը։
Հետևաբար մենք չենք դիմում այս իսանին, քանի որ անիմաստ է խոսել նման արարածի հետ, մենք դիմում ենք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նախ ընտրել այն մարդկանց, որոնք քայլում են իր կողքով, որովհետև նման մարդկանց պահվածքը ստվերում է նաև անձամբ իրեն, և հետո, ներողություն հայցել 24News լրատվականից, դա կլինի իրական նախագահին վայել պահվածք։