Ի՞նչ անի մեր խեղճ հարիֆը, երբ նախկիններն Արցախը գցեցին ջեբը

Առաջին հայացքից կեպին ընդամենը գլուխը ցրտից պաշտպանելու միջոց է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում, հատկապես, երբ այդ կեպին դառնում է նրա անբաժան ուղեկիցը բոլոր հանդիպումներում ու հատկապես այն ժամանակ, երբ ամենևին գլխարկ դնելու անհրաժեշտություն չկա, ու նա գլխարկով շեշտակի տարբերվում է մնացած բոլորից։

Տվյալ դեպքում կեպիի ընտրությունն ամենևին պատահական չէ, այն կրում է գաղափարախոսություն ու պարունակում թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղերձ։

Խնդիրն այն է, որ կեպիով Նիկոլ Փաշինյանը լիովին տեղավորվում է «խեղճ հարիֆի» կերպարի մեջ։ Բոլորի համար այդ կերպարը կարող էր վիրավորական լինել, իսկ Փաշինյանի դեպքում քաղաքական տեսանկյունից շահեկան է։

Ի՞նչ անի մեր Նիկոլը, ի՞նչ անի խեղճ հարիֆը, երբ նախկինները, որոնք «վաղուց» Արցախը հանձնել էին Ադրբեջանին, գցեցին էս միամիտի ջեբը։

Եվ ահա այս չարաբաստիկ կեպին շատերի աչքում նրան դարձնում է «մեր Նիկոլը», շատերի աչքին էլ «խեղճ հարիֆը» ու «համոզիչ» դարձնում Նիկոլի այն տխմար թեզը, որ «Արցախն Ադրբեջանին էին հանձնել դեռևս 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով»։

Ու նման մտածելակերպով մարկանց համար, որոնք ջանք չեն թափում խորանալ արտաբերվող հիմարությունների մեջ ու նույնիսկ ալարում են իրենց հարց տալ, որ եթե մի պահ ընդունենք, որ դա այդպես է, բայց, այնուամենայնիվ, մեզ պե՞տք է մի ղեկավար, որը խեղճ հարիֆ է, այդ կեպին ունենում է նույն ազդեցությունը, ինչ սկզբից ուներ նախագահականից ցուցադրվող սառնարանի պարունակությունը։

Ինչպես այն ժամանակ մարգինալ շերտը, տեսնելով նախագահականի սառնարանը, իրեն երևակայում էր, որ ինքը նույնպես այնտեղ է, հիմա էլ տեսնելով այս խղճալի պատկերը՝ Նիկոլին «արդարացիորեն» համարում է մեկը իրենց կամ հենց ինքը։

Ինչ վերաբերում է արտաքին ուղերձին, ապա երբ մարդը հայտարարում է, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն ասում են թուրք, ապա դրան պետք է հաջորդեն ապացուցման քայլեր։ Ալիևի առաջ ներկայանալով այս կեպիով՝ Նիկոլ Փաշինյանը կարծես ուզում է հասկացնել, որ մենք նույնն ենք ոչ միայն մտածելակերպով, այլև արտաքինով ու տվյալ դեպքում այս կեպին կարող է լինել խաղաղություն մուրալու գործիքակազմերից մեկը։

Կարեն Կարապետյան