Հայաստանի քաղաքացիները ձեզ փալասի մանդատ չեն տվել
«Դուք խղճահարություն կներշնչեիք, եթե մինչ այդ նողկանք առաջացրած չլինեիք»․ Մաքսիմիլիան Մորելը՝ կոմս Մոնտե Քրիստոյին
Այո, այս իշխանությունները միաժամանակ արժանի են և՛ խղճահարության, և՛ նողկանքի, սակայն խղճալ կարող են օտարները, խաղաղություն մուրալու և պաշտպանություն աղերսելու համար, իսկ մերը պետք է լինի միայն նողկանքը՝ բնականաբար զուգորդված նիկոլիզմից ազատվելու աննահանջ քայլերով։ Հակառակ պարագայում մեր անկումը՝ որպես ժողովրդի ու պետության, կլինի անկասելի։
Այսօր նահատակված զինծառայողները չեն զոհվել միայն թշնամու գնդակներից։ Այսօրվա հիմքը դրվեց այն ժամանակ, երբ թշնամին ներխուժեց Հայաստանի տարածք, իսկ Հայաստանի իշխանությունները բավարարվեցին անմեղսունակ հայտարարություններով։ Այսօրվա ողբերգական իրադարձությունն ուղիղ հետևանքն էր այն հանցավոր անգործության, երբ թուրք-ադրբեջանական միասնությունը մեկ տարվա ընթացքում մեկ տասնյակից ավելի համատեղ զորավարժություն անցկացրեց, իսկ մենք ընդամենը մեկ «զորախաղ» ամերիկյան 10 զինվորականի հետ, ընդ որում խաղաղապահ բնույթի, գումարած դրան վոլեյբոլի մեկ մրցախաղ։
Այսօրն արտացոլում է այն ողբալի ընթացքը, երբ թշնամի երկիրը ձեռք է բերում հարվածային ԱԹՍ-ներ, իսկ մենք թմբկահարում ենք Ֆրանսիայից բերված զրահամեքենաները, որոնք, խոշոր հաշվով, ընդամենը մեքենա են՝ համալրված գնդացիրներով, սակայն դրա հետ մեկտեղ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների ու ՔՊ-ական անհեթեթ պատգամավորների բերանով արդարանում ենք Ադրբեջանի առաջ։ Բայց էլ ավելի զավեշտալի է, երբ այս ամենի ֆոնին մի նախկին ավտոտեսուչ, որը թյուրիմացաբար հայտնվել է ԱԺ-ում, բարբաջում է Հայաստանում 4-րդ և 5-րդ սերնդի զենքերի արտադրության մասին։
Վերջապես այսօրն ուղիղ պատասխանն էր ՀՀ ՊՆ-ի երեկվա հայտարարության, որ կպատժենք Ադրբեջանի ուղղությամբ կրակած հայ զինծառայողներին։
Կյանքում միշտ էլ գործում է հետևյալ կանոնը, թույլին ու խեղճին նախ ապտակում են, հետո ներում կամ չեմ ներում, իսկ այս իշխանություննների հերթական աններելի հանցանքներից մեկն այն է, որ սեփական ողորմելի վիճակը փորձում են բարդել մի ողջ ժողովրդի վրա, ու որքան էլ մեզ համար ցավալի է, ներկայանում են մեր անունից։
Հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ձեզ փալասի մանդատ չեն տվել, այնպես որ դուք ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական լեգիտիմություն չունեք։
Կարեն Կարապետյան