Շտապօգնությունը՝ մոպեդներով. ո՞ր դեպքերում նոր ծառայությունը կարձագանքի բուժառուին
Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է «Շտապօգնություն» ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, կանչերին արագ արձագանքելուն։ Մասնավորապես՝ շուտով կգործարկվեն շտապօգնության զանգերին արձագանքելու համար նախատեսված հատուկ մոպեդներ։
Մանրամասնելով նախաձեռնությունը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու պարագայում չի նախատեսվում բուժառուներին բուժհաստատություն տեղափոխել: Մոպեդով օգնություն կցուցաբերվի այն բուժառուներին, ովքեր չունեն քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ բուժառուի հետ գործ ունենք: Օրինակ` այն բուժառուները, որոնք քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք չունեն, բայց բարձր ջերմություն ունեն, այս պարագայում բուժակը մոպեդով ավելի արագ և օպերատիվ կարող է հասնել տեղ, չափել ջերմությունը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ և տալ համապատասխան դեղորայք»,-ասաց նա: