«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»․ այսօր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

1919 թ․-ի հունվարի 29-ին մահացել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանը։

Արամ Մանուկյանը 1915-1917 թթ. ակտիվ մասնակցություն ունեցավ Կովկասում քաղաքական զարգացումներին՝ արժանանալով ինչպես արևելահայ ղեկավար մարմինների վստահությանը, այնպես էլ հայ ժողովրդի հարգանքին: 1917թ. որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ ժամանեց Երևան: Տեղում ծանոթանալով ստեղծված ծանր պայմաններին՝ կտրուկ միջոցներ ձեռնարկեց իրադրությունը կայունացնելու համար, գլխավորեց նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որը նրան օժտել էր լայն լիազորություններով, իսկ 1918թ. մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվեց դիկտատոր:

Արամ Մանուկյանը, հետևողական ու անձնուրաց աշխատանքի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակում ստեղծել պետական իշխանության մարմիններ, կանոնավոր հայկական զորք, երկրում հաստատեց կարգուկանոն, ճնշեց թուրք-թաթարական հակահայկական շարժումները, մեղմեց պարենային ծանր դրությունը:

Հատկապես բնութագրող է Արամ Մանուկյանի վճռական կեցվածքը 1918 թ. մայիսյան ճակատագրական ու ծանր օրերին, երբ թուրքական զորքերը սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, երբ կար հայ ժողովրդի լինել-չլինելու իրավիճակ: Նա մնաց անդրդվելի ու գործնական, կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչներին ու ժողովրդին, նրանց մեջ բորբոքեց պայքարելու կամք:

1918 թ. մայիսի 19-ին Արամ Մանուկյանը գեներալ Մ. Սիլիկյանի հետ ունեցած հեռախոսազրույցում անընդունելի էր համարում հետագա նահանջը և վստահեցնում, որ Արարատյան դաշտում թշնամուն հակահարված տալու համար երկու օրվա ընթացքում գեներալին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ՝ մարդկային ուժ, զենք-զինամթերք և թիկունքի ոգևորությունը: Նա ամենուր էր՝ հրապարակներում, շուկայում, տներում, եկեղեցիներում, և ոգևորում էր բոլորին: Արդյունքում հայ ժողովուրդն ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ էլ 1918 թ. մայիսի 28-ին հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետության նորաստեղծ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»

Նիկոլ Աղբալյանը՝ Արամ Մանուկյանի մասին