Ճղճիմ միջոցներով իշխանությունը ուզում է Եկեղեցուն պատժել, չի՛ հաջողվելու, այդ պայքարում պարտվելու են
Եթե այս իշխանության գաղափարակիրները լինեինք, ծափահարեինք իրենց վարած քաղաքականությանը, մեզ կգովեին, բայց հիմա Եկեղեցու նկատմամբ իբր պատժիչ գործողություններ են անում, փորձում են Եկեղեցուն լուսանցք մղել։ Առաջին դեպքը և փորձը չէ, 130 տարվա մեջ նման փորձեր շատ են եղել, բայց մենք լուսանցքում չենք լինի, այդ պայքարում պարտվելու են։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակելու ժամի հետ կապված անհամաձայնությանը։
Անդրադառնալով հնչող քննադատություններին, թե եկեղեցին ի՞նչ է արել այսքան ժամանակ, Աջապահյանն ասաց, որ պատմությունը ցույց կտա, թե ով ինչ է արել, բայց պատերազմից հետո, երբ Հայոց բանակը հանձնեց ազատագրված շրջանները, հոգևորականությունը Դադիվանքը չհանձնեց և պատրաստ էին Արցախը պահել մինչև վերջ։
«Եթե Հայ եկեղեցին բանակցող կողմ լիներ՝ Արցախը կմնար, մենք ձևը կգտնեինք, հային իր պատմական տարածքում պահելու համար, ինչպես գտել ենք հազարամյակներ շարունակ։ Դա հնարավոր է, եթե կա նպատակ, դիվանագիտական կարողություն, խելք ու պատմական գեոպոլիտիկ հոտառություն, ինչը եկեղեցին ունի։ Հայ եկեղեցու շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, եթե եկեղեցին մեծ լիազորություններ ունենար՝ Հայաստանը ավելի մեծ կլիներ։ Այսօրվա իշխանությունը եթե ձեռք մեկներ եկեղեցուն, Արցախը մերը կլիներ, նախորդներն էլ չգնահատեցին եկեղեցու կարողությունները ու հնարավորությունները, համարում էին, որ ամեն ինչ գիտեն, 30 տարի է` հայ եկեղեցականի հորդորը, ձայնը չեն լսում»,-հավելեց Սրբազանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձին, թե հայրենիքը պետությունն է, Աջապահյանը նկատեց, որ դա Արևմուտքի 30 տարվա հորդորն է՝ հաշտվել այն իրողությունների հետ, որ մեզ հետ կատարվել է, հաշտվել 29,800 քկմ-ի հետ ու շարունակել գոյությունը։
«Եթե հայրենիքը միայն պետությունն է, ուրեմն՝ Ծիծեռնակաբերդի կարիք չունենք, այդ տարածքը իզուր ենք զբաղեցրել, կարող ենք ռեստորաններ, հարսանյաց սրահներ, ատրակցիոններ դնել։ Ծիծաղելի ես, երբ ասում ես՝ ցեղասպանություն է եղել, 1.5 մլն հայ ոչնչացվել է, բայց խնդիր չունեմ Թուրքիայի հետ»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։